
Huawei Technologies-ը և հայկական «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Շանհայում ստորագրել են ռազմավարական փոխըմբռնման հուշագիր՝ արհեստական բանականության և առաջադեմ թվային տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու համար։ Այդ մասին հայտնել է հիմնադրամը։
Համաձայն հաղորդագրության՝ գործընկերությունը կներառի agentic AI, physical AI, բաց AI մոդելներ, AI կառավարման մոտեցումներ, ամպային տեխնոլոգիաներ, խելացի արտադրություն, առաջադեմ հաշվարկային լուծումներ և արդյունաբերական նորարարություն։ Նախագիծը նաև միտված է ամրապնդելու կապերը ակադեմիական շրջանակների, ստարտափների, գիտահետազոտական հաստատությունների, արդյունաբերության և համաշխարհային տեխնոլոգիական առաջնորդների միջև։
Համագործակցության առանցքային ուղղություններից մեկը Հայաստանում Huawei ICT Academy էկոհամակարգի զարգացումն է։ Սպասվում է, որ դա ուսանողներին, երիտասարդ մասնագետներին և հետազոտողներին հնարավորություն կտա ստանալ միջազգային մակարդակի կրթություն, մասնագիտական սերտիֆիկացումներ և գործնական փորձ՝ արհեստական բանականության, ամպային տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության և այլ առաջատար ոլորտներում։
Կողմերը նաև նախատեսում են ուսումնասիրել AI-ին միտված հետազոտական և նորարարական միջավայր ստեղծելու հնարավորությունը։ Ըստ աղբյուրի՝ այդ հարթակը կարող է նպաստել նոր տեխնոլոգիաների արագ և պատասխանատու ներդրմանը՝ փոխակերպելով արտադրության, լոգիստիկայի, ենթակառուցվածքների և պետական ծառայությունների ոլորտները ինքնավար գործառույթների, կանխատեսելի որոշումների, խելացի ռոբոտատեխնիկայի և մարդ-մեքենա փոխազդեցության միջոցով։
«Արհեստական բանականությունը արագորեն վերածվում է մարդկանց աջակցող գործիքից ինտելեկտուալ համակարգերի, որոնք կարող են համագործակցել, հարմարվել և աշխատել ֆիզիկական աշխարհում։ Huawei Technologies-ի հետ այս գործընկերությամբ մենք ձգտում ենք Հայաստանը բերել agentic AI-ի, physical AI-ի, բաց AI էկոհամակարգերի և AI-ով պայմանավորված արդյունաբերական վերափոխման առաջնագիծ», — ասել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գլոբալ գործընկերությունների գծով փոխնախագահ Անահիտ Պարսյանը։
Նրա խոսքով՝ միջազգային տեխնոլոգիական փորձը Հայաստանի զարգացող նորարարական միջավայրի հետ համադրելով՝ հնարավոր կլինի բացել նոր հնարավորություններ տաղանդների զարգացման, արդյունաբերության արդիականացման, խելացի արտադրության առաջմղման, AI-ի պատասխանատու կառավարման և համաշխարհային նորարարական գործընթացներում Հայաստանի մասնակցության համար։
Huawei Technologies Armenia-ի ղեկավար Չժաո Հունբոն, իր հերթին, նշել է, որ ընկերությունում ապագան կապում են բաց համագործակցության և համատեղ նորարարության հետ։ Նրա խոսքով՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ գործընկերությունը միավորում է համաշխարհային փորձն ու տեղական տաղանդը և նպաստում է այնպիսի էկոհամակարգի ձևավորմանը, որտեղ հետազոտությունը, կրթությունը, ստարտափները և արդյունաբերությունը կարող են միասին արձագանքել խելացի դարաշրջանի հնարավորություններին։
Հուշագիրը ձևավորում է երկարաժամկետ շրջանակ՝ Հայաստանում առաջադեմ տեխնոլոգիական հետազոտությունների, նորարարությունների առևտրայնացման, թվային հմտություններով կադրերի զարգացման և միջազգային համագործակցության ներուժը մեծացնելու համար։ Կողմերը հայտարարում են, որ միասին կաշխատեն փոխակերպող տեխնոլոգիաների ներդրումն արագացնելու և գլոբալ փոխկապակցված ու նորարար տնտեսության ձևավորմանը նպաստելու ուղղությամբ։
Փաստաթուղթը ստորագրվել է HUAWEI CONNECT 2026: Advancing Agentic World ֆորումի շրջանակում։ Huawei-ի այս ամենամյա գլխավոր միջոցառումը միավորում է ոլորտի ղեկավարներին, հետազոտողներին, քաղաքական որոշում կայացնողներին և նորարարներին՝ տեխնոլոգիական առաջընթացի և թվային վերափոխման վերջին միտումները քննարկելու համար։
Աղբյուր՝ finport.am
