
Հայաստանի կառավարությունը որոշել է Հրազդան մարզադաշտի վերանորոգման համար հատկացնել 600 մլն դրամ։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս աշխատանքները անհրաժեշտ են՝ Հայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման նախապատրաստական փուլում պահանջվող ենթակառուցվածքները ապահովելու համար։
Հատկացվող միջոցները կուղղվեն վազքուղու և աթլետիկայի ու պարաաթլետիկայի մրցումների անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների վերակառուցմանը կամ նորոգմանը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Նախատեսվում է նաև կարգի բերել ուսումնամարզական մարզադաշտի աթլետիկայի վազքուղին։
Աշխատանքների գնումը ճանաչվել է անհետաձգելի, և նախատեսվում է կիրառել «մեկ անձից» հրատապ գնման ընթացակարգ։ Ինչպես հաղորդում է Factor.am-ը, հիմնավորման մեջ որպես նախատեսվող կապալառու նշված է GTS Construction LLC-ը։ Կառավարության ներկայացրած տեղեկության համաձայն՝ ընկերությունն այժմ կառուցում է Arthur Abraham Sports Complex-ը։
Միևնույն ժամանակ, 600 մլն դրամի շրջանակում չեն ներառվում վազքուղու ռետինե ծածկույթը և դրա տեղադրման համար անհրաժեշտ հիմքային շերտերը, ներառյալ ասֆալտե կամ բետոնե հարթեցումը։ Այդ աշխատանքները կիրականացվեն առանձին գնման ընթացակարգով ընտրվող մեկ այլ կազմակերպության կողմից։
Կառավարությունը պարզաբանել է, որ վազքուղու վերջնական ծածկույթի ընտրությունը տեխնոլոգիապես կապված է համապատասխան արտադրողի, մատակարարի և մասնագիտացված կազմակերպության ընտրության հետ։ Հիմնավորման համաձայն՝ կարող է առաջանալ նաև արտասահմանյան արտադրողների, մատակարարների և մասնագիտացված կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտություն։
Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ պետական բյուջեի միջոցները կներդրվեն մասնավոր սեփականություն հանդիսացող ենթակառուցվածքի բարելավման մեջ։ Փոխարենը նախատեսվում է, որ Հրազդան մարզադաշտը մոտակա շուրջ 20 տարվա ընթացքում կօգտագործվի պետական ծրագրերի իրականացման համար։
Ֆրանկոֆոնիայի խաղերը կանցկացվեն 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։
Աղբյուր՝ www.pan.am
