Bankomat

Հնդկաստանը զգուշացրել է էներգակիրների գները չքաղաքականացնելու մասին

Լուրեր|2026/09/25 11:14
Հնդկաստանը զգուշացրել է էներգակիրների գները չքաղաքականացնելու մասին

Նյու Դելին էներգետիկ անվտանգությունը կապում է զարգացման և առևտրատնտեսական շահերի պաշտպանության հետ։

Հնդկաստանը հայտարարել է, որ էներգետիկ անվտանգությունը մնում է զարգացման հիմնարար պայման, իսկ էներգակիրների հասանելիությունն ու գները չպետք է օգտագործվեն որպես քաղաքական ճնշման միջոց։ Այս դիրքորոշումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Գլոբալ հարավի երկրների հանդիպմանը ներկայացրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանկարը։ Նրա ելույթի տեքստը հրապարակվել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության կայքում։

Ջայշանկարի խոսքով՝ հաջորդ կարևոր խնդիրը լոգիստիկայի, ֆինանսների և մատակարարման շղթաների ոլորտներում առկա «նեղ տեղերի» վերացումն է։ Նա ընդգծել է, որ պետությունները չպետք է հաշտվեն նման խոչընդոտների ստեղծման կամ դրանց օրինականացման հետ։

Նախարարի գնահատմամբ՝ այն փուլում, երբ աշխարհը պետք է շարժվեր դեպի բազմաբևեռություն, իրականում տեղի է ունենում հակառակ գործընթացը։ Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպությունները, որոնցից ակնկալվում էին լուծումներ, հաճախ իրենք են դարձել խնդիրների մաս։ Ջայշանկարը նշել է, որ Գլոբալ հարավի երկրների համար համերաշխությունը այժմ առավել կարևոր է, քան երբևէ։

Նա նաև կոչ է արել ապահովել հացահատիկի և պարարտանյութերի կայուն մատակարարումներ և զարգացող երկրներին չզրկել արդյունաբերականացման իրավունքից։ Ջայշանկարի խոսքով՝ գլոբալ ճգնաժամերի ժամանակ Գլոբալ հարավի երկրները հայտնվում են «առաջին գծում», բայց որոշումների ընդունման փուլում մնում են «հետին շարքերում», ինչն էլ, ըստ նրա, պահանջում է ավելի սերտ տնտեսական համագործակցություն։

Էներգակիրների գների քաղաքականացումից խուսափելու այս կոչը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս Ռուսաստանի նավթի և գազի խոշորագույն գնորդների նկատմամբ սահմանել մինչև 100% մաքսատուրքեր։

Խոսքը Լինդսի Օ. Գրեհեմի ներկայացրած 2026 թվականի ամերիկյան օրինագծի մասին է, որը վերաբերում է Ռուսաստանի և Իրանի նկատմամբ պատժամիջոցներին։ Փաստաթուղթը նախատեսում է երկրորդային առևտրային միջոցներ այն երկրների նկատմամբ, որոնք գնում են ռուսական նավթ և գազ՝ ԱՄՆ ներմուծվող ռուսական ապրանքների համար մինչև 500% մաքսատուրք, իսկ ռուսական նավթ կամ գազ գնող պետություններից ներմուծվող ապրանքների համար՝ մինչև 100% մաքսատուրք։ Վերջնական տարբերակում, մասնավորապես, շեշտը դրվել է ռուսական էներգակիրների հինգ խոշորագույն ներկրողների վրա։

Հնդկաստանը ռուսական նավթի հիմնական գնորդներից է, ուստի հայտնվում է այս երկրորդային մաքսատուրքերի մեխանիզմի ազդեցության դաշտում։ Միևնույն ժամանակ, օրենքը ձևակերպված է այնպես, որ ԱՄՆ նախագահը կարող է որոշ պայմանների դեպքում չկիրառել պատժամիջոցները։

Ավելի վաղ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկի երկրի առևտրատնտեսական շահերը պաշտպանելու համար։ Գերատեսչությունը նաև շեշտել էր, որ Նյու Դելին կշարունակի ապահովել 1.4 միլիարդ բնակչի էներգետիկ անվտանգությունը՝ մատակարարումների դիվերսիֆիկացման և շուկայական իրավիճակի հաշվառման միջոցով։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ