Bankomat

ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու առևտրային հարցերը քննարկվել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպանների հետ

Լուրեր|2026/09/19 06:01
ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու առևտրային հարցերը քննարկվել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպանների հետ

Քննարկման օրակարգում եղել են վիզաների ազատականացումը, առևտրատնտեսական համագործակցությունն ու ԵՄ աջակցությունը։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը և խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը սեպտեմբերի 18-ին ընդունել են Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին, Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին և Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության ընդլայնվող հարաբերությունները։ Օրակարգում եղել են նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը, ինչպես նաև առևտրատնտեսական, քաղաքական, պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության մի շարք հարցեր։

Արուսյակ Մանավազյանի խոսքով՝ Շվեդիան, Բելգիան և Նիդերլանդները Հայաստանի համար միայն եվրոպական երկրներ չեն, այլ ժողովրդավարության, օրենքի գերակայության և ինստիտուցիոնալ մշակույթի կարևոր օրինակներ։ Նա նշել է, որ պետականաշինության գործընթացում Հայաստանը նպատակ ունի մոտենալ այդ չափանիշներին, իսկ ժողովրդավարական բարեփոխումները դիտարկվում են որպես քաղաքական հանձնառություն և պետականության անվտանգության հիմնական երաշխիք։

Մանավազյանը նաև ընդգծել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում նշված երկրների աջակցությունը այս ուղղությամբ։

Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական կապերի խորացումն ու ակտիվացումը՝ առանձնացնելով խորհրդարանական բարեկամական խմբերի դերակատարությունը։

Խմբակցության ղեկավարն արժևորել է նաև ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում։ Բացի այդ, նա դրական է գնահատել Եվրոպական միության կողմից հայկական որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր վերացումն ու կրճատումը, ինչը վերաբերում է նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը։

Հյուրերի խնդրանքով քննարկվել են նաև խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ հարաբերություններին առնչվող հարցեր և այլ թեմաներ։

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ