Bankomat

HELIX-ը 2,5 մլրդ դրամի ներդրմամբ մտավ Հայաստանի շուկա

Լուրեր|2026/09/20 07:01
HELIX-ը 2,5 մլրդ դրամի ներդրմամբ մտավ Հայաստանի շուկա

Ընկերությունը Երևանում բացել է նոր լաբորատոր համալիր և նախատեսում է ընդլայնել ախտորոշիչ կենտրոնների ցանցը։

Միջազգային HELIX ընկերությունը պաշտոնապես սկսել է աշխատանքը Հայաստանի շուկայում՝ Երևանում բացելով նոր լաբորատոր համալիր։ Նախագծում, ըստ ընկերության, ներդրվել է ավելի քան 2,5 միլիարդ դրամ։

850 քմ մակերես ունեցող համալիրը նախատեսված է օրական մոտ 20 հազար հետազոտություն իրականացնելու համար։ Լաբորատորիայում հասանելի կլինի ավելի քան 3600 տեսակի հետազոտություն՝ ներառյալ գենետիկական, հյուսվածքաբանական և իմունոհիստոքիմիական ծառայությունները։

HELIX-ի գլխավոր տնօրեն Յուրի Անդրեյչուկը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ընկերությունը հայկական շուկան գնահատել է որպես զարգացող և մրցակցային միջավայր, որտեղ կա նոր ծառայությունների պահանջարկ։ Նրա խոսքով՝ Հայաստան մուտք գործելու գաղափարը ձևավորվել է 2023 թվականին, իսկ տեղական գործընկեր գտնելը արագացրել է այդ գործընթացը։

Անդրեյչուկի խոսքով՝ HELIX-ը ցանկանում է Հայաստանում ներկայացնել այն նույն արտադրանքն ու համագործակցության ձևաչափերը, որոնք արդեն կիրառվում են այլ երկրներում՝ առողջապահության ոլորտի մասնագետների և բժշկական կենտրոնների համար։

Ընկերության ներկայացմամբ՝ լաբորատորիայի գլխավոր առավելություններից մեկը ավտոմատացված համակարգն է, որը հնարավորություն է տալիս հետազոտության մի շարք փուլեր իրականացնել մեքենայացված եղանակով։ Սա նվազեցնում է մարդկային գործոնի ազդեցությունը, ստանդարտացնում է գործընթացները և արագացնում մեծ ծավալի նմուշների մշակումը։

HELIX խմբի կառավարող գործընկեր Դարյա Գորյակինը հայտնել է, որ Հայաստանում լաբորատորիայի գործարկմամբ ստեղծվել է 200 աշխատատեղ, որոնցից 100-ը՝ բարձր որակավորում ունեցող բուժաշխատողների համար։ Նրա խոսքով՝ ընկերությունը նախատեսում է հիմնական հետազոտությունների արդյունքները տրամադրել նմուշները ստանալուց 120 րոպե անց։

HELIX-ի Հայաստանի լաբորատոր ծառայության ղեկավար Անահիտ Պետրոսյանը նշել է, որ ներդրումները ուղղվել են ենթակառուցվածքին, վերջին սերնդի վերլուծիչներին, ավտոմատացված համակարգի ստեղծմանը և մասնագետների վերապատրաստմանը։ Նա ընդգծել է, որ լաբորատորիան Հայաստանում եզակի է ավտոմատացված պրեանալիտիկ փուլով հագեցված լինելու առումով։

Պետրոսյանի խոսքով՝ HELIX-ի միջազգային չափանիշներն ու որակի վերահսկման համակարգերն արդեն ձևավորված են, և այժմ դրանք հարմարեցվում են տեղական շուկային։ Ընկերությունն ասում է, որ որակի ապահովումը իր աշխատանքի հիմնական առաջնահերթություններից է։

HELIX-ը ծրագրում է զարգացնել իր ներկայությունը ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Ընկերության հայտարարությամբ՝ առաջիկայում նախատեսվում է ստեղծել ևս 30 ախտորոշիչ կենտրոն։

Helix Armenia-ի գլխավոր տնօրեն Սոնա Բաբայանը նշել է, որ մոտ ապագայում Երևանի տարբեր հատվածներում կբացվեն 5 ախտորոշիչ կենտրոններ, իսկ հետագայում ցանցը կընդլայնվի նաև մարզերում, որպեսզի ծառայությունները հասանելի լինեն ավելի լայն շրջանակի քաղաքացիների համար։

Ընկերության տվյալներով՝ ավելի քան 3600 հետազոտություններից շատերը նախկինում Հայաստանում չէին իրականացվում, և այդ նպատակով նմուշներ ու պացիենտներ հաճախ ուղարկվում էին արտերկիր։ Այժմ այդ հետազոտությունները հնարավոր կլինի անցնել HELIX-ի ցանցում՝ արդյունքները ստանալով հաշված ժամերի ընթացքում։

HELIX-ի մուտքը Հայաստանի շուկա մեկնարկում է սեփական լաբորատոր համալիրով, սակայն ընկերության երկարաժամկետ ծրագիրը ներառում է հանրապետության տարածքով ախտորոշիչ կենտրոնների լայն ցանցի ձևավորում։ Բացման պաշտոնական միջոցառումները շարունակվել են «Դվին»-ում։

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ