Bankomat

ՀԲ-ն և ԱՄՀ-ն փոխել են աղքատ երկրների պարտքային ռիսկերի գնահատման համակարգը

Լուրեր|2026/09/22 12:55
ՀԲ-ն և ԱՄՀ-ն փոխել են աղքատ երկրների պարտքային ռիսկերի գնահատման համակարգը

Նոր մոտեցումը նախատեսում է ավելի խոր գնահատել ներքին պարտքը և երկարաժամկետ ռիսկերը։

Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդները հաստատել են ցածր եկամուտ ունեցող երկրների պարտքի կայունության համատեղ գնահատման համակարգի բարեփոխումը։ Փոփոխությունների նպատակը համաշխարհային տնտեսությունում ավելի բարդ ու աճող ռիսկերը գնահատման մեջ ավելի լիարժեք ներառելն է։

Reuters-ի փոխանցմամբ՝ սա համակարգի առաջին վերանայումն է 2017 թվականից հետո։ Թարմացված շրջանակը նախատեսում է, մասնավորապես, ուժեղացնել ներքին պարտքի վերլուծությունը և ավելի լայնորեն հաշվի առնել զարգացման երկարաժամկետ մարտահրավերները, այդ թվում՝ կլիմայի փոփոխությունը։ Միևնույն ժամանակ, խոսքը համակարգի ամբողջական վերակառուցման մասին չէ։

ՀԲ-ի և ԱՄՀ-ի գնահատմամբ՝ բարեփոխումը պետք է օգնի ավելի ճշգրիտ գնահատել, թե որքանով են երկրները կարողանում սպասարկել իրենց պարտքային բեռը, ինչպես նաև ավելի հստակ տարբերակել պարտքային խնդիրների ռիսկի առջև կանգնած երկրներն ու արդեն անկայուն պարտքային մակարդակ ունեցող պետությունները։

Կազմակերպությունները նաև մտադիր են կատարելագործել կիրառվող գործիքակազմն ու սթրես-թեստերը՝ կանխատեսումների ճշգրտությունը բարձրացնելու համար։ Միաժամանակ երկրներին կոչ է արվում բարելավել պարտքի վիճակագրության որակն ու թափանցիկությունը։ Գնահատման ընթացքում կիրառվող դիսկոնտային դրույքը պահպանվել է 5% մակարդակում։

ԱՄՀ-ի Աֆրիկայի դեպարտամենտի փոխտնօրեն Էլլիսոն Հոլանդի խոսքով՝ փոփոխությունների խնդիրն այն է, որ երկրները կարողանան ավելի վաղ և ավելի ճշգրիտ բացահայտել խոցելիությունները և ավելի հիմնավորված որոշումներ ընդունել ֆինանսավորման ու տնտեսական քաղաքականության ոլորտներում։

Նա նշել է, որ վերջին ցնցումները չեզոքացրել են պարտքային իրավիճակի այն բարելավումը, որը նկատվում էր 2021 թվականից։ Այժմ ցածր եկամուտ ունեցող երկրների մոտ 14%-ը գտնվում է պարտքային ճգնաժամի մեջ, ևս 33%-ը ենթարկվում է բարձր ռիսկի։ Իսկ ձևավորվող շուկաներ ունեցող երկրների շրջանում մոտ 23%-ը գտնվում է ինքնիշխան պարտքային սթրեսի բարձր ռիսկի գոտում։

Թարմացված համակարգը, մասնավորապես, կարող է հաշվի առնվել Սենեգալի պարտքի վերակառուցման քննարկման ժամանակ։ ԱՄՀ-ն հայտնել է, որ երկրի պարտքի կայունությունը առայժմ կգնահատվի գործող մեթոդաբանությամբ՝ նոր համակարգին անցնելու հետևանքները հաշվի առնելով։

Աղբյուր՝ armbanks.am

Տարածել

Կարդացեք նաեվ