Bankomat

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը հունվար-օգոստոսին արագացել է մինչև 7.3%

Լուրեր|2026/09/25 16:02
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը հունվար-օգոստոսին արագացել է մինչև 7.3%

Աճին հիմնականում նպաստել են արդյունաբերության վերականգնումը, շինարարության արագացումը և ծառայությունների ընդլայնումը։

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 7.3%՝ մեկ տարի առաջվա նույն ժամանակահատվածի 7.1%-ի դիմաց։ Նախնական տվյալները հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Տնտեսական ակտիվության արագացման հիմնական աղբյուրներից մեկը արդյունաբերության վերականգնումն է։ Եթե 2025 թվականի հունվար-օգոստոսին ոլորտը 7.8% անկում էր գրանցել, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում արդեն արձանագրվել է 7.4% աճ։ Միաժամանակ շինարարության աճը արագացել է 20.4%-ից մինչև 24.7%։

Էներգետիկ համալիրը նույնպես պահպանել է դրական դինամիկան, թեև աճի տեմպը դանդաղել է՝ 7.1%-ից մինչև 5.3%։ Ծառայությունների ոլորտը, որն ըստ ծավալի երկրորդն է տնտեսությունում, աճել է 12.8%-ով՝ նախորդ տարվա 10.2%-ի դիմաց։ Իսկ ամենախոշոր՝ առևտրի ոլորտում աճը շարունակել է թուլանալ՝ 3.9%-ից հասնելով գրեթե լճացման՝ 0.7%-ի։

Բացարձակ ծավալներով առաջատարը շարունակում է մնալ առևտուրը՝ 4.4 տրլն դրամ կամ $11.8 մլրդ ցուցանիշով։ Երկրորդ տեղում ծառայություններն են՝ 3.03 տրլն դրամ կամ $8.1 մլրդ, երրորդում՝ արդյունաբերությունը՝ 2.1 տրլն դրամ կամ $5.6 մլրդ։ Քանի որ այս հաշվետու ժամանակահատվածի համար գյուղատնտեսության տվյալներ չեն հրապարակվել, չորրորդ հորիզոնականում շինարարությունն է՝ 471.6 մլրդ դրամ կամ $1.3 մլրդ։

Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-օգոստոսին կազմել է 6268.4 մլն կՎտ.ժ, որից միայն օգոստոսին՝ 819.7 մլն կՎտ.ժ։ Վիճակագրական կոմիտեն հիշեցնում է, որ 2023 թվականից փոխվել է արտադրության հաշվարկման մեթոդաբանությունը, և այժմ ներառվում են նաև ինքնավար արտադրողների արտադրած ծավալները։

Միայն օգոստոսին, 2026 թվականի օգոստոսը 2025-ի օգոստոսի համեմատ, տնտեսական ակտիվության աճը դանդաղել է 7.5%-ից մինչև 5.2%։ Իսկ միայն մեկ ամսվա՝ հուլիսից օգոստոս փոփոխությամբ, աճը փոքր-ինչ դանդաղել է՝ 4.6%-ից մինչև 4.5%։

Օգոստոսին արդյունաբերության ամսական աճը կտրուկ թուլացել է՝ 5.5%-ից մինչև 1.9%։ Շինարարությունում, հակառակը, արձանագրվել է փոքր արագացում՝ 16.1%-ից մինչև 16.9%։ Ծառայությունների ոլորտում դինամիկան փոխվել է՝ 2.8% աճից անցնելով 1.3% անկման։ Առևտրում աճը պահպանվել է, բայց զգալիորեն դանդաղել է՝ 7%-ից մինչև 1.3%, իսկ էներգետիկ համալիրում աճը 16.8%-ից նվազել է մինչև 3.6%։

Տարեկան կտրվածքով՝ 2026-ի օգոստոսը 2025-ի օգոստոսի նկատմամբ, աճ են ցույց տվել բոլոր հիմնական ոլորտները, բացի արդյունաբերությունից և էներգետիկ համալիրից, որոնք նվազել են համապատասխանաբար 4.3% և 4%։ Ամենաբարձր աճը գրանցվել է շինարարությունում՝ 23.8%, հաջորդել են ծառայությունները՝ 11.4%, իսկ առևտուրը աճել է ընդամենը 0.1%-ով։

Արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 4.9 տրլն դրամ կամ $13.3 մլրդ՝ մեկ տարվա ընթացքում աճելով 3.2%-ով։ Մեկ տարի առաջ նույն ցուցանիշը 41.1% անկում էր գրանցել։ Դինամիկայի բարելավումը պայմանավորված է ներմուծման՝ 34.9% անկումից 9.3% աճի անցմամբ և արտահանման անկման կտրուկ դանդաղմամբ՝ 48.8%-ից մինչև 6.5%։

Արդյունքում, արտահանման ծավալը կազմել է 1.7 տրլն դրամ կամ $4.6 մլրդ, իսկ ներմուծմանըը՝ 3.2 տրլն դրամ կամ $8.7 մլրդ։ 2026 թվականի օգոստոսին՝ 2025-ի օգոստոսի համեմատ, արտաքին առևտուրը նույնպես դուրս է եկել 33.7% անկումից և անցել 9.8% աճի։ Այդտեղ ևս դրական տեղաշարժ է արձանագրվել թե՛ ներմուծման, որը 28.3% անկումից անցել է 14.9% աճի, թե՛ արտահանման, որը 40.8% անկումից անցել է 1.3% աճի։

Սակայն միայն օգոստոսի ընթացքում արտաքին առևտրաշրջանառության դինամիկան վատթարացել է՝ 9.2% աճից անցնելով 13.3% անկման։ Դա տեղի է ունեցել ինչպես ներմուծման՝ 11.1% աճից 17.5% անկման, այնպես էլ արտահանման՝ 5.3% աճից 4% անկման հետևանքով։

Հունվար-օգոստոս ամիսների համար դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 372.29 դրամ՝ $1-ի դիմաց։ Գյուղատնտեսության տվյալները, ինչպես և նախկինում, հրապարակվում են միայն եռամսյակային և տարեկան վիճակագրական հաշվետվություններում։

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ