Bankomat

Հայաստանում կերկարաձգվի սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը

Լուրեր|2026/09/23 15:01
Հայաստանում կերկարաձգվի սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը

Կառավարության որոշման նախագիծը նախատեսում է արգելքը կիրառել 2027 թվականի հունվարի 2-ից վեց ամիս ժամկետով։

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ արգելքը կսկսի գործել 2027 թվականի հունվարի 2-ից և կպահպանվի վեց ամիս։ Գերատեսչությունը որոշման անհրաժեշտությունը կապում է Հայաստանի պարենային անվտանգության ապահովման, Սևանա լճի կենդանի պաշարների կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանման պահանջների հետ։

Նախարարությունը նշում է, որ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կարգավորման արդյունքում վերջին տարիներին արձանագրվել է սիգի համեմատաբար կայուն կենսազանգված՝ 2668 տոննա 2019 թվականին, 2345 տոննա՝ 2020-ին, 5348 տոննա՝ 2021-ին, 4700 տոննա՝ 2022-ին, 3974 տոննա՝ 2023-ին, 1293 տոննա՝ 2024-ին և 3591.8 տոննա՝ 2025-ին։ Սա, ըստ նախագծի, հնարավորություն է տվել իրականացնել արդյունագործական որս՝ 300 տոննա 2020 և 2021 թվականներին, 600 տոննա՝ 2022 և 2023 թվականներին, 679 տոննա՝ 2024-ին և 1123 տոննա՝ 2025-ին։

Միևնույն ժամանակ փաստաթղթում ընդգծվում է, որ կենսազանգվածի աճի միտումը դեռևս բավարար չէ լճում վայրի ձկնատեսակների բնական աճն ու օպտիմալ քանակն ապահովելու համար։ Որոշ գիտական գնահատականներով՝ ընդհանուր պաշարը կարող է հասնել մինչև 10 000 տոննայի, իսկ արդյունագործական որսը՝ կազմել մոտ 2 000 տոննա և ավելի։

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ Սևանա լճում սիգի կայուն արդյունագործական որսի կարևոր պայմաններից մեկը բնական վերարտադրության ապահովումն է։ Վերջին տարիների փորձը, ըստ հիմնավորման, ցույց է տալիս, որ բնական վերարտադրության պահպանման դեպքում հնարավոր է պահել նաև արդյունագործական կայուն ծավալներ։

Այդ նպատակով և որսագողությունը կանխելու համար ամեն տարի նոյեմբերի վերջից մինչև հաջորդ տարվա փետրվար իրականացվում է խիստ միջոցառումների համալիր ծրագիր։ Նախարարությունը նաև մատնանշում է, որ միջազգային շուկայում բարձր արժեք ունեցող սիգի ձկնկիթի արտահանումը կարող է ստեղծել լրացուցիչ ռիսկեր՝ թե՛ կենսաբանական պաշարների պահպանության, թե՛ մարդկային ազդեցության խորացման տեսանկյունից։

Ուստի առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանումն արգելել ևս վեց ամսով՝ 2027 թվականի հունվարի 2-ից։

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ