
Հայաստանում քննարկվող աշխատավարձերի բարձրացման նախաձեռնությունը, ըստ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի, վերաբերում է ոչ միայն երկրի բարձրագույն պաշտոնատար անձանց, այլև պետական համակարգի շուրջ 20 հազար աշխատակցի։ Նա այդ մասին հայտարարել է սեպտեմբերի 22-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Չախոյանի խոսքով՝ հանրային դաշտում ձևավորվել է թյուր ընկալում, թե նախատեսվող բարձրացումները վերաբերելու են միայն վարչապետին, կառավարության անդամներին և պատգամավորներին։ Նրա գնահատմամբ՝ ճիշտ չէ առանձնացնել միայն այդ հատվածը, քանի որ փոփոխությունները վերաբերում են նաև պետական ծառայության տարբեր օղակների աշխատակիցներին՝ 1-ին դասի մասնագետներից և ավագ մասնագետներից մինչև վարչությունների պետեր ու փոխնախարարներ։
Պատգամավորը նշել է, որ վարձատրության սանդղակում անհամամասնություններ կան, և, օրինակ, փոխնախարարի աշխատավարձը չի կարող գերազանցել նախարարի աշխատավարձը, ինչն էլ, ըստ նրա, հանգեցրել է նաև ավելի բարձր պաշտոնների աշխատավարձերի վերանայման անհրաժեշտության։ Եթե խոսքը վերաբերում է իշխանության բարձրագույն օղակին, ապա, նրա խոսքով, այստեղ կարելի է խոսել մոտ 200 անձի մասին, մինչդեռ ընդհանուր բարձրացումը տարածվում է 20 հազար մարդու վրա։
Չախոյանը նաև շեշտել է, որ մասնավոր հատվածում կան ընկերություններ, որտեղ տնօրենները ամսական ստանում են մինչև 20 մլն դրամ, և նման պայմաններում դժվար է բարձր որակավորում ունեցող մասնագետներին ներգրավել պետական համակարգ, եթե փոխնախարարի աշխատավարձը մնում է 1 մլն դրամի մակարդակում։
Նույն թեմայի շուրջ իշխող խմբակցությունից պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը կոչ է արել հարցը դիտարկել նաև կոռուպցիայի համատեքստում։ Նրա խոսքով՝ այն երկրներում, որտեղ պաշտոնյաների աշխատավարձերը ցածր են, կոռուպցիոն դրսևորումները սովորաբար ավելի բարձր են։ Որպես օրինակ նա նշել է Սինգապուրը, որտեղ պաշտոնյաների բարձր վարձատրությունը, նրա խոսքով, ուղեկցվում է կոռուպցիայի ցածր մակարդակով։
Աղաջանյանն ընդգծել է նաև, որ պետական համակարգում կա որակյալ կադրերի արտահոսքի լուրջ խնդիր, և դրա հիմնական պատճառներից մեկը ոչ մրցունակ աշխատավարձերն են։
Նախագծով, որով փոփոխություններ են առաջարկվում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, Հայաստանի վարչապետի աշխատավարձը կարող է աճել գրեթե 80%-ով։ Այժմ վարչապետի աշխատավարձը կազմում է 1 մլն 498 հազար դրամ՝ պետական ծառայողների բազային դրույքաչափը բազմապատկած 18 գործակցով։ Առաջարկվող փոփոխությամբ այդ գործակիցը կբարձրանա 18-ից մինչև 32, իսկ աշխատավարձը՝ մինչև 2 մլն 662 հազար դրամ։
Նույն նախագծով նախագահի աշխատավարձը կհավասարվի վարչապետի աշխատավարձին․ նախագահի գործակիցը 20-ից ևս կդառնա 32։ Նախարարների աշխատավարձերը, ըստ նախագծի, կաճեն կրկնակի՝ հասնելով 1 մլն 997 հազար դրամի։ Զգալի բարձրացումներ նախատեսված են նաև պետական ծառայողների հիերարխիայի մյուս աստիճանների համար։
Ավելի վաղ նախագիծը ներկայացնելիս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել էր, որ այն նախորդ տարվանից մեկնարկած պետական ծառայողների վարձատրության բարեփոխման շարունակությունն է։ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ համայնքապետերի և համայնքների ղեկավարների աշխատավարձերը, որոնք այժմ միջինում կազմում են 350 հազար դրամ, կաճեն կրկնակի, իսկ որոշ դեպքերում՝ եռակի։
Նրա խոսքով՝ համայնքային աշխատողների հավելավճարները կհատկացվեն ոչ թե համայնքային, այլ հանրապետական բյուջեից։ Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից տարեկան կուղղվի 25 մլրդ դրամ։
Աղբյուր՝ finport.am
