Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 1–ի իր նիստում որոշեց անփոփոխ թողնել քաղաքացիների բնակարաններ հասնող բնական գազի սակագինը, սակայն վերահաշվարկների արդյունքում օգոստոսի 1-ից կփոխվեն սակագնի տարբեր բաղադրիչները:
Մասնավորապես, «Գազպրոմ Արմենիան» ավելի քիչ գումար կստանա գազի փոխադրման համար, աշխատակիցների հավելավճարային ֆոնդից չեն օգտվի ընկերության ղեկավարները:
Բացի այդ, բնական գազը կէժանանա ՋԷԿ-երի համար:
Փաստացի, մինչ դեկտեմբերի 31-ը հայաստանցիների համար գազի սակագինը չի թանկանա:
Նիստին ներկա «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն Աշոտ Հակոբյանը «Ազատությանը» հայտնել է, որ իրենք չեն պատրաստվում գազի սակագինը բարձրացնելու դիմում ներկայացնել հանձնաժողով:
Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը պարզաբանեց, թե հայտ կարող են ներկայացնել արդեն հաջորդ տարի:
Աղբյուր՝ lurer.com
