Հայաստանում ցեմենտի ներմուծումը գտնվում է պատմականորեն ցածր մակարդակում։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա ներկայացմամբ՝ հունիսին ցեմենտի ներմուծման ծավալը կազմել է 59.2 հազար տոննա, իսկ օգոստոսին՝ արդեն 49 հազար տոննա։ Նախարարն ընդգծել է, որ սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ երկրի ներսում ցեմենտի պահանջարկը շարունակում է բարձր մնալ։
Գևորգ Պապոյանի խոսքով՝ Իրանից, Վրաստանից և Ռուսաստանից մատակարարումների կրճատումը կապված չէ ռուսական սահմանափակումների կամ մաքսատուրքերի հետ։ Նրա գնահատմամբ՝ խնդիրը այն է, որ հարևան երկրներում նույնպես առկա է ցեմենտի բարձր պահանջարկ, ինչի հետևանքով դրանք չեն կարող ամբողջ ծավալով ապահովել արտահանարարներին։
Նախարարը նաև նշել է, որ սահմանին գոյացել են հազարավոր մեքենաների հերթեր, և դրա պատճառով ներմուծողները չեն հասցնում ցեմենտը բերել անհրաժեշտ ծավալներով։
Պապոյանը շուկայում բարձր գները ևս կապել է մատակարարումների կրճատման հետ՝ պայմանավորված արտահանող երկրներում առկա բարձր պահանջարկով։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Հայաստանում շինարարության ծավալները աճել են 25%-ով, և համապատասխանաբար ցեմենտի պահանջարկն էլ ավելացել է 25%-ով։

Աղբյուր՝ finport.am
