Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 24-ի նիստում հաստատել է «2026 թվականի ստանդարտացման պետական ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը»։ Փաստաթուղթը նախատեսում է արդիականացնել տնտեսության տարբեր ոլորտներում գործող չափորոշիչները, մշակել նոր ազգային ստանդարտներ՝ միջազգային և տարածաշրջանային նորմերին համապատասխան, ինչպես նաև շարունակել մասնակցությունը միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման գործընթացներին։
Նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ այդ աշխատանքների անհրաժեշտությունը բխում է «Ստանդարտացման մասին» օրենքից և «Ստանդարտների և հավատարմագրման համակարգի զարգացում» ծրագրից։ Նրա խոսքով՝ ներկայացված ծրագիրը վերաբերում է ոչ միայն տնտեսությանը, այլև այլ ոլորտների կարգավորմանը։
«Ստանդարտացման մասին» օրենքի 2-րդ, 9-րդ և 19-րդ հոդվածների համաձայն՝ ստանդարտացման տարեկան պետական ծրագիրը մշակվում է պետական մարմինների առաջարկությունների հիման վրա, հաստատվում կառավարության որոշմամբ և ենթակա է պետական ֆինանսավորման։ Պետական աջակցության շրջանակում իրականացվում են ազգային ստանդարտների մշակման և վերանայման աշխատանքներ, եվրոպական և Եվրասիական տնտեսական միության հարթակներում համագործակցություն, ինչպես նաև ազգային ստանդարտների ֆոնդի պահպանում և տեղեկատվական սպասարկում։
Մինչև 2026 թվականը նախատեսված ծրագրով ազգային ստանդարտներ կմշակվեն համակարգերի կառավարման, շրջակա միջավայրի պահպանության և գեոտարածական տվյալների ոլորտներում՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։ Միաժամանակ կշարունակվեն միջազգային և միջպետական ստանդարտացման աշխատանքները, ինչպես նաև ազգային ստանդարտների ֆոնդի պահպանման և տեղեկատվական սպասարկման գործառույթները։
Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի ոլորտում նախատեսվում է մշակել պահանջներ այն մարմինների համար, որոնք իրականացնում են աուդիտ և սերտիֆիկացում։ Խոսքը վերաբերում է նաև արտադրանքի, գործընթացների և ծառայությունների գնահատման ու սերտիֆիկացման հետ կապված ազգային ստանդարտներին՝ ISO 22003-1 և ISO 22003-2 միջազգային ստանդարտներին համապատասխան։
Շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ ծրագրվում է մշակել ջրում պերֆտորալկիլ և պոլիֆտորալկիլ նյութերի որոշման մեթոդ սահմանող ազգային ստանդարտ՝ ISO 21675 ստանդարտին համապատասխան։ Կառավարությունը կարևոր է համարում այս փաստաթուղթը նաև այն պատճառով, որ նշված նյութերի հետազոտությունը ներառված է խմելու ջրի նոր սանիտարական նորմերով և կանոններով պարտադիր ուսումնասիրման ենթակա ցուցանիշների ցանկում, որոնք ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։
Գեոտարածական տվյալների ոլորտում նախատեսվում է մշակել ազգային ստանդարտներ, որոնք վերաբերում են ժամանակային սխեմաների աշխարհագրական տեղեկատվությանը, քարտեզագրման մեթոդաբանությանը և տարածական օբյեկտների կոդավորմանը՝ համապատասխանաբար ISO 19108, ISO 19110 և ISO 19118 ստանդարտների հիման վրա։ Ըստ հիմնավորման՝ դրանք կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալների ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նորմատիվ-իրավական բազայի ձևավորմանը և 2025 թվականի նոյեմբերի 6-ի կառավարության որոշմամբ սահմանված դրույթների ապահովմանը։
Ծրագիրը նաև նախատեսում է շարունակել Հայաստանի Հանրապետության մասնակցությունը միջազգային, եվրոպական և եվրասիական ստանդարտացման գործընթացներին, իրականացնել միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի փորձագիտական գնահատում և էլեկտրոնային քվեարկություն, ինչպես նաև կազմակերպել համագործակցությունը համապատասխան միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման մարմինների հետ։
Ազգային ստանդարտների ֆոնդի մասով նախատեսված է դրա համալրում, գրանցում, վարում և արդիականացում, ընդունված ազգային ստանդարտների գրանցում, գործող ստանդարտների ամբողջական տեքստերի էլեկտրոնային տվյալների բազայի ստեղծում և վարում, ինչպես նաև տեղեկատվական ծառայությունների մատուցում պետական մարմիններին, կազմակերպություններին և հանրապետության այլ շահագրգիռ կողմերին։

Աղբյուր՝ finport.am
