Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Չեռնոգորիայի զբոսաշրջության նախարար Սիմոնիդա Կորդիչի հետ։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Չեռնոգորիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները, փոխադարձ զբոսաշրջային հոսքերի ավելացումն ու նոր ուղղությունների ձևավորումը։
Քննարկման ընթացքում որպես հեռանկարային ուղղություն առանձնացվել է ագրոտուրիզմը։ Այդ համատեքստում Գևորգ Պապոյանը կարևորել է Չեռնոգորիայի փորձի ուսումնասիրությունն ու փորձի փոխանակումը։
Զրուցակիցները անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի՝ խոսելով համագործակցության զարգացման և նոր հնարավորությունների ձևավորման հեռանկարների մասին։
Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել միջազգային ուղևորափոխադրումների ակտիվացման և երկրի հասանելիության բարձրացման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ զուգահեռաբար ներդրումներ են իրականացվում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման մեջ։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հունիսին Հայաստան է այցելել Չեռնոգորիայից 99 զբոսաշրջիկ, ինչը 29.3%-ով պակաս է մեկ տարի առաջվա ցուցանիշից։

Աղբյուր՝ finport.am
