
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանված ապրանքների վիճակագրությունը։ Ըստ տվյալների՝ հունվար-հունիս ամիսներին արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 3,438 մլն դոլար, ինչը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.1%-ով։
Կիսամյակի ընթացքում Հայաստանի արտահանման խոշորագույն ապրանքային դիրքը եղել է պղնձի խտահանքը և հանքաքարերը՝ 514.2 մլն դոլար։ Այս ուղղությամբ տարեկան աճը կազմել է 92.1%։
Արտահանման խոշոր հոդվածների թվում երկրորդ տեղում են բջջային հեռախոսները՝ 432.6 մլն դոլար, ինչը 30.4%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Սիգարետի արտահանումը կազմել է 295.8 մլն դոլար՝ 1.5% անկմամբ։
Ոսկու արտահանումը, ըստ ՊԵԿ-ի վիճակագրության, կազմել է 203.7 մլն դոլար։ Սա 2025 թվականի առաջին կիսամյակի համեմատ 80% նվազում է և հրապարակված տվյալներում ամենախոշոր անկումներից մեկն է։
Միաժամանակ աճ է գրանցվել մի շարք այլ ապրանքախմբերում։ Մոլիբդենի խտահանքի և հանքաքարերի արտահանումը հասել է 199.9 մլն դոլարի՝ աճելով 104%-ով, իսկ ոսկերչական իրերի արտահանումը կազմել է 186.3 մլն դոլար՝ 107.3% աճով։
Էթիլային սպիրտի արտահանման ծավալը կազմել է 164.1 մլն դոլար՝ 24.4% աճով։ Թանկարժեք մետաղի խտահանքի և հանքաքարերի արտահանումը կազմել է 154.6 մլն դոլար՝ 63% աճով։
Պլատինի՝ անմշակ, կիսամշակ կամ փոշու տեսքով արտահանումը կազմել է 114.3 մլն դոլար, ինչը 432.5%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Երկաթահամահալվածքի արտահանումը, հակառակը, նվազել է 7.9%-ով՝ կազմելով 60.3 մլն դոլար։

Աղբյուր՝ b24.am
