
2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի՝ արտերկրում գործող դիվանագիտական ծառայության մարմինները ստացել են 65,3 մլն դրամի նվիրատվություն, իսկ այդ միջոցների հաշվին կատարված ծախսերը կազմել են 37,5 մլն դրամ։
Կառավարությունը սեպտեմբերի 24-ի նիստում փոփոխություններ է կատարել ընթացիկ տարվա պետական բյուջեում՝ ստացված միջոցներն ու դրանց հաշվին իրականացված ծախսերը համապատասխան ցուցանիշներում արտացոլելու համար։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ մուտքերը ձևավորվել են Հայաստանի դեսպանություններին ընդունող երկրների կողմից տրամադրված նվիրատվություններից՝ մասնավորապես Քուվեյթում և Կատարում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին։ Ստացված գումարները նախատեսված են այդ ներկայացուցչությունների ընթացիկ գործունեությունն ապահովելու համար։
65,3 մլն դրամից երկրորդ եռամսյակում ծախսվել է 37,5 մլն դրամը։ Կառավարության որոշմամբ՝ 2026 թվականի բյուջեում եկամուտները կավելանան 65,3 մլն դրամով, իսկ ծախսերը՝ 37,5 մլն դրամով։
Արդյունքում բյուջեի պակասուրդը կնվազի մոտ 27,822 մլն դրամով։
Իշխանությունները նաև նշում են, որ Հայաստանի դիվանագիտական առաքելություններին արաբական այս պետությունների համաֆինանսավորման և նյութական աջակցության գործելակերպը երկարամյա բնույթ ունի։ Կատարը Դոհայում Հայաստանի դիվանագիտական առաքելությանը աջակցում է դրա բացումից՝ 2019 թվականից։ Դեսպանության հիմնադրման պահին կատարյան կողմը պարտավորվել էր առաջին երեք տարիների ընթացքում հոգալ պահպանման ծախսերի ավելի քան կեսը՝ 192,5 հազար դոլարից 110 հազար դոլարը, ինչպես նաև անհատույց տրամադրել դեսպանության համար տարածք, դեսպանի կեցավայր և ծառայողական ավտոպարկ։
Քուվեյթը ևս, Կատարի հետ միասին, աջակցում է Հայաստանի դիվանագիտական ներկայությանը՝ այդ թվում ուղղակիորեն հոգալով Էլ Քուվեյթում գործող ներկայացուցչության ընթացիկ ծախսերը՝ երկկողմ և ներդրումային կապերի ամրապնդման նպատակով։
Աղբյուր՝ finport.am
