
Հայաստանի արտարժութային միջբանկային շուկայում սեպտեմբերի 14-18-ը ակտիվ են եղել թե՛ դոլարային, թե՛ ռուբլով գործարքները։ Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ նույն ժամանակահատվածում եվրոյով գործարքներ արդեն երրորդ շաբաթն անընդմեջ չեն կնքվել։
Հաշվետու շաբաթում դոլարային գործարքների դինամիկան 13,3% անկումից անցել է 31% աճի, իսկ ռուբլով գործարքների աճը զգալիորեն արագացել է՝ 30,2%-ից հասնելով 94%-ի։ Այդ ֆոնին ռուբլով գործարքների շաբաթական ծավալը շարունակել է գերազանցել դոլարայինը, և տարբերությունը մեծացել է՝ 2,2 անգամից մինչև 3,3 անգամ։
Սեպտեմբերի 14-18-ը դրամը դոլարի նկատմամբ թուլացել է՝ 362,5 դրամից հասնելով 363,5 դրամի մեկ դոլարի դիմաց։ Միևնույն ժամանակ հայկական արժույթն ամրապնդվել է եվրոյի նկատմամբ՝ 420,8 դրամից մինչև 417,8 դրամ մեկ եվրոյի դիմաց, ինչպես նաև ռուսական ռուբլու նկատմամբ՝ 4,19 դրամից մինչև 4,14 դրամ մեկ ռուբլու դիմաց։
Անցած տարվա նույն օրվա՝ 2025 թվականի սեպտեմբերի 18-ի համեմատ, դրամի փոխարժեքը զգալիորեն ամրապնդվել է բոլոր երեք արժույթների նկատմամբ։ Այդ օրը դոլարի փոխարժեքը կազմել էր 382,5 դրամ, եվրոյինը՝ 452 դրամ, իսկ ռուբլունը՝ 4,55 դրամ, ինչը ներկայիս մակարդակների համեմատ նշանակում է դրամի տարեկան արժևորում համապատասխանաբար 5%, 8% և 9%։
ԿԲ տվյալներով՝ միջբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում դոլարային գործարքներ կատարվել են չորս անգամ, իսկ ռուբլով գործարքներ՝ ամեն օր։ Այսինքն՝ երեքշաբթիից ուրբաթ՝ սեպտեմբերի 15-18-ը, շուկայում միաժամանակ իրականացվել են և՛ դոլարային, և՛ ռուբլով գործարքներ։
Շաբաթվա արդյունքներով դոլարային գործարքների ծավալը կազմել է $8.5 մլն՝ 364,06 դրամ/$1 միջին փոխարժեքով՝ նախորդ շաբաթվա 363,72 դրամ/$1-ի դիմաց։ Ռուբլով գործարքների ծավալը կազմել է 2.375 մլրդ ռուբլի՝ 4,30 դրամ/1RUB միջին փոխարժեքով՝ մեկ շաբաթ առաջվա 4,24 դրամ/1RUB-ի դիմաց։ Ռուբլով գործարքների ամենամեծ ծավալը գրանցվել է երկուշաբթի՝ 700 մլն ռուբլի, իսկ դոլարային գործարքների առավելագույն օրական ծավալը՝ չորեքշաբթի՝ սեպտեմբերի 16-ին, $4.5 մլն։
Ներբանկային արտարժութային շուկայում նույն շաբաթվա ընթացքում, նախորդ շաբաթվա համեմատ, դոլարի առքուվաճառքի միտումը 16-12,2% անկումից անցել է 8,2-42,2% աճի։ Եվրոյով գործարքներում ևս առքուվաճառքի դինամիկան 1-5,4% անկումից փոխվել է դեպի 26,2-35% աճ։ Ռուբլով գործարքներում առքի աճը արագացել է՝ 8,8%-ից մինչև 26,8%, մինչդեռ վաճառքի միտումը 11,2% աճից անցել է 3,6% անկման։
Արդյունքում, սեպտեմբերի 14-18-ը ներբանկային շուկայում գնվել է $199.7 մլն՝ 362,32 դրամ/$1 միջին փոխարժեքով, 86.1 մլն եվրո՝ 416,89 դրամ/1EUR միջին փոխարժեքով, և 11.4 մլրդ ռուբլի՝ 4,23 դրամ/1RUB միջին փոխարժեքով։ Նույն ժամանակահատվածում վաճառվել է $252.8 մլն՝ 364,67 դրամ/$1 միջին փոխարժեքով, 64.7 մլն եվրո՝ 422,62 դրամ/1EUR միջին փոխարժեքով, և 3.5 մլրդ ռուբլի՝ 4,34 դրամ/1RUB միջին փոխարժեքով։
Օրական առավելագույն ցուցանիշներից ներբանկային շուկայում ամենամեծ ռուբլու գնումը գրանցվել է սեպտեմբերի 14-ին՝ 2.7 մլրդ ռուբլի։ Դոլարի վաճառքի ամենամեծ ծավալը եղել է սեպտեմբերի 15-ին՝ $83.7 մլն, եվրոյի վաճառքինը՝ սեպտեմբերի 16-ին՝ 15.5 մլն եվրո, ռուբլու վաճառքինը՝ սեպտեմբերի 17-ին՝ 1.5 մլրդ ռուբլի։ Իսկ սեպտեմբերի 18-ին արձանագրվել են դոլարի և եվրոյի գնման առավելագույն ծավալները՝ համապատասխանաբար $53.9 մլն և 30.9 մլն եվրո։
ԿԲ տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հուլիսին Հայաստանի Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայում իրականացրել է $1.510 մլրդ-ի ինտերվենցիաներ, և դրանք եղել են բացառապես գնման գործառնություններ։ Այդ ընթացքում փոխարժեքը դեկտեմբերյան 381,49 դրամ/$1-ից հասել է հուլիսյան 367,74 դրամ/$1-ի։
Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում գնվել է $5.5 մլրդ, 1.4 մլրդ եվրո և 266.6 մլրդ ռուբլի, իսկ վաճառվել է $6.1 մլրդ, 1.7 մլրդ եվրո և 102.02 մլրդ ռուբլի։ Սա ձևավորել է հուլիսին առքի փոխարժեքները՝ 365,49 դրամ/$1, 415,46 դրամ/1եվրո և 4,56 դրամ/1ռուբլի, իսկ վաճառքի փոխարժեքները՝ 367,94 դրամ/$1, 421,89 դրամ/1եվրո և 4,75 դրամ/1ռուբլի։ Համեմատության համար՝ 2025 թվականի դեկտեմբերին այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել էին 380,38 դրամ/$1, 442,74 դրամ/1եվրո, 4,83 դրամ/1ռուբլի՝ առքի, և 382,62 դրամ/$1, 449,26 դրամ/1եվրո, 4,91 դրամ/1ռուբլի՝ վաճառքի դեպքում։
Միջբանկային արտարժույթի շուկայում 2026 թվականի հունվար-հուլիսին իրականացվել է $369.7 մլն դոլարային, 10.3 մլն եվրոյով և 26.97 մլրդ ռուբլով գործարք։ Ընդ որում, մարտ-հունիս ամիսներին եվրոյով գործարքներ ընդհանրապես չեն կատարվել։ Այդ ընթացքում դրամը միջբանկային շուկայում ամրապնդվել է թե՛ դոլարի նկատմամբ՝ մինչև 367,44 դրամ/$1, թե՛ ռուբլու նկատմամբ՝ մինչև 4,70 դրամ/1ռուբլի՝ 2025 թվականի դեկտեմբերի համապատասխանաբար 381,33 դրամ/$1 և 4,88 դրամ/1ռուբլի մակարդակներից։
Հիշեցնենք, որ Հայաստանի արտարժութային միջբանկում ռուբլով գործարքները մեկնարկել են 2022 թվականի մարտի 14-ից։ Իսկ բորսայական արտարժութային հարթակում 2026 թվականի հունվար-հուլիսին կատարվել են $28.5 մլն ծավալով դոլարային գործարքներ, որոնց ֆոնին դրամը ամրապնդվել է մինչև հուլիսյան 367,40 դրամ/$1՝ նախորդ տարվա վերջին բորսայական դոլարային գործարքների ժամանակ՝ հոկտեմբերին գրանցված 387,75 դրամ/$1 մակարդակից։
Աղբյուր՝ finport.am
