
Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է ժամանակավորապես արգելել Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը։
Գերատեսչության հիմնավորմամբ՝ քայլը կապված է Սևանա լճում 2025-2026 թվականների սիգի բնական վերարտադրության գնահատման և ձվադրման փուլերի ժամկետների հստակեցման հետ։ Այդ նպատակով 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի փետրվարի 6-ը Շրջակա միջավայրի նախարարության, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները իրականացրել են գիտական որս։
Նախարարությունը հիշեցնում է, որ սիգի բնական վերարտադրությունն ապահովելու համար ամեն տարի նոյեմբերի վերջից մինչև հաջորդ տարվա փետրվար իրականացվում է խստացված միջոցառումների համալիր ծրագիր։ Այդ միջոցառումները միտված են սիգի որսի արգելքի շրջանում ապօրինի որսը բացառելուն։
Նախագծով առաջարկվում է վեց ամիս ժամկետով արգելք սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0302 91 000 0, 0303 91, 1604 32 001 0 և 0511 91 901 9 ծածկագրերին դասվող՝ Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի նկատմամբ։
Աղբյուր՝ lurer.com
