








Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ռուսական գազի գնի հնարավոր բարձրացման պայմաններում Հայաստանը այլևս պատրաստ չէ կախված մնալ միայն մեկ գազատարից։ Նրա խոսքը վերաբերում էր այն հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկեն իշխանությունները, եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել գազի սակագինը։
Արմենպրեսի փոխանցմամբ՝ Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը պահպանում է իր նախկին դիրքորոշումը․ երկիրը չորս հարևան ունի, և եթե հինգերորդ որևէ երկիր տարանցման միջոցով առաջարկի գազ մատակարարել, Երևանը կդիտարկի այդ առաջարկը։
Նրա խոսքով՝ գազի գնի մեջ կա նաև քաղաքական բաղադրիչ։ «Մենք պատրաստ չենք և այլևս պատրաստ չենք լինելու կախված լինել մեկ գազատարից, մեկ ճնշման կարգավորիչից, և գնալու ենք Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտների դիվերսիֆիկացման ճանապարհով»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է, որտեղ իշխանությունը ձևավորվում է ժողովրդի ընտրությամբ։ Նրա գնահատմամբ՝ երկրում չկա այնպիսի հակամարտություն, որը կարող է օգտագործվել Հայաստանի ներսում քաղաքական գործընթացներ ձևավորելու կամ դրանք որևէ ուղղությամբ տանելու համար։
«Հայաստանի Հանրապետությունը կպահպանի իր ինքնիշխանությունը։ Մեր գործընկերները Ռուսաստանի Դաշնությունում նույնպես մշտապես ասում են, որ սա ձեր ինքնիշխան իրավունքն է՝ որոշելու։ Հայաստանի Հանրապետությունը չի զիջել իր շահերը և չի զիջելու»,- նշել է նա։
Ներկայում Հայաստանում սպառողները գազի համար վճարում են 143.7 դրամ մեկ խորանարդ մետրի դիմաց։ Սոցիալապես անապահով խմբերի համար գործում է 100 դրամ սուբսիդավորվող սակագին։
Միևնույն ժամանակ, վերջին օրերին տարբեր ռուսաստանցի պաշտոնյաներ հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրոպական միություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ գնելու հնարավորությունը։
Աղբյուր՝ www.pan.am
