Bankomat

Հայաստանը և ԱԶԲ-ն քննարկել են համագործակցության նոր ծրագրեր

Լուրեր|2026/09/23 13:08
Հայաստանը և ԱԶԲ-ն քննարկել են համագործակցության նոր ծրագրեր

Կողմերը կենտրոնացել են ենթակառուցվածքների, ջրային ռեսուրսների և բյուջետային աջակցության ծրագրերի վրա։

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մշտական ներկայացուցչության տնօրեն Լյազիզա Սաբիրովան քննարկել են համագործակցության նոր ուղղություններն ու ենթակառուցվածքային ծրագրերը։ Այդ մասին հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձել են ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորություններին։

Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն համահունչ է կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթություններին և թիրախային ցուցանիշներին։

Քննարկման թեմաներից էին ջրային ռեսուրսների կառավարումը, ենթակառուցվածքների զարգացումը, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավումը, ինչպես նաև արդեն իրականացվող և նախատեսվող քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության ծրագրերը։

Հետագա համագործակցության համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պետական-մասնավոր գործընկերության արդյունավետ ձևաչափերի ուսումնասիրմանը և դրանց կիրառման հնարավորություններին։

ԱԶԲ-ի համագործակցությունը Հայաստանի հետ

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ 2005 թվականից մինչև 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ ԱԶԲ-ն Հայաստանին տրամադրել է ընդհանուր առմամբ ավելի քան $2 մլրդ աջակցություն՝ մնալով երկրի խոշորագույն բազմակողմ զարգացման գործընկերներից մեկը։

Այդ աջակցության շրջանակում ներառված են տրանսպորտի, էներգետիկայի, ջրամատակարարման և քաղաքային ենթակառուցվածքների նախագծեր։ Մասնավոր հատվածում ԱԶԲ-ն աջակցում է կոմունալ ծառայություններին և ենթակառուցվածքներին, ֆինանսական հաստատություններին և ագրոբիզնեսին։

spot_img

Աղբյուր՝ armbanks.am

Տարածել

Կարդացեք նաեվ