Bankomat

Համաշխարհային պետական պարտքը անցել է 365 տրիլիոն դոլարը

Լուրեր|2026/09/24 17:28
Համաշխարհային պետական պարտքը անցել է 365 տրիլիոն դոլարը

IIF-ի տվյալներով՝ աճը խթանել են բարձր դեֆիցիտներն ու պարտքի սպասարկման թանկացումը։

2026 թվականի առաջին կիսամյակում համաշխարհային պետական պարտքն ավելացել է 10 տրիլիոն դոլարով և գերազանցել 365 տրիլիոն դոլարը։ Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով Միջազգային ֆինանսների ինստիտուտի (IIF) հաշվարկներին։

IIF-ի փորձագետների գնահատմամբ՝ կառավարությունները հայտնվել են «արատավոր շրջանի» մեջ։ Բարձր բյուջետային դեֆիցիտները ստիպում են ավելի շատ փոխառություններ ներգրավել, մինչդեռ տոկոսավճարների աճը մեծացնում է արդեն գոյություն ունեցող պարտքի բեռը։

Կազմակերպության տվյալներով՝ անցած տարի զարգացած երկրները միջազգային պարտատոմսերով պարտքի սպասարկման վրա ծախսել են ավելի քան 3.3 տրիլիոն դոլար։ Այդ ծավալը գերազանցել է արհեստական բանականության, պաշտպանության և մաքուր էներգիայի ոլորտներում համաշխարհային ներդրումների չափը։

CNBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն, Ճապոնիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան այժմ բախվում են այնպիսի խնդիրների, որոնք նախկինում հիմնականում բնորոշ էին զարգացող շուկաներին։ Պատճառը պետական պարտատոմսերի եկամտաբերությունների բարձրացումն է՝ մինչև վերջին տասնամյակի առավելագույն մակարդակներ։

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիևան ընդգծել է, որ առաջնահերթ պետք է լինեն պարտքի մակարդակի նվազեցումն ու բյուջետային կոնսոլիդացիան։ Նման գնահատական է հնչել նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում, որտեղ նշել են պետական ծախսերը զսպելու և վերաբաշխելու անհրաժեշտությունը՝ համաշխարհային տնտեսության երկարաժամկետ կայունությունը ապագա ցնցումների պայմաններում ապահովելու համար։

Օգոստոսի 31-ին ևս հայտնի էր դարձել, որ վերջին չորս տարիներին պետական փոխառությունների սպասարկման համաշխարհային ծախսերն աճել են 50%-ով։ Զարգացած երկրներն այժմ նոր վարկերի մինչև 80%-ը ուղղում են արդեն գոյություն ունեցող պարտավորությունների վերաֆինանսավորմանը, մինչդեռ հինգ տարվա ընթացքում փոխառությունների արժեքը աճել է ավելի քան երեք անգամ։

Ռուսաստանի ֆինանսների նախարարը ևս հայտարարել է, որ հսկայական պետական պարտքի խնդիրը խորանում է և կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ