Glovo-ում պատվերների վճարումն այժմ հնարավոր է կատարել նաև Idram-ի միջոցով։ Նոր հնարավորության մասին պաշտոնապես հայտարարվել է Glovo-ի՝ Հայաստանում գործունեության հնգամյակին նվիրված միջոցառման ընթացքում։
Վճարում կատարելու համար օգտատերը պետք է Glovo-ում ընտրի Idram-ը՝ որպես հասանելի վճարային եղանակ, ապա հաստատի գործարքը Idram&IDBank հավելվածում։
Ընկերությունները հիշեցրել են, որ համագործակցության մասին հայտարարել էին դեռ մի քանի ամիս առաջ՝ Glovo-ի Բարսելոնայի գրասենյակում համագործակցության հուշագիր ստորագրելուց հետո։ Այժմ այդ պայմանավորվածությունը գործնական փուլ է մտել, և ծառայությունը հասանելի է օգտատերերին։
Idram-ի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը նշել է, որ թեև Idram-ն ու Glovo-ն գործում են տարբեր ոլորտներում, նրանց միավորում է մեկ հիմնական մոտեցում՝ թվային ծառայությունները մարդկանց առօրյայի համար ավելի պարզ, հասանելի և հարմար դարձնելը։ Նրա խոսքով՝ այս համագործակցությունը պարզապես նոր վճարային տարբերակ չէ, այլ նաև վկայում է, որ Հայաստանի թվային էկոհամակարգը կարող է աշխատել խոշոր միջազգային հարթակների հետ և առաջարկել օգտակար լուծումներ։
Glovo Armenia-ի գլխավոր տնօրեն Թամար Կոջաօղլանյանը, իր հերթին, ասել է, որ այս նորությունը հատկապես կուրախացնի օգտատերերին, քանի որ Idram-ը Հայաստանի թիվ մեկ վճարային համակարգն է։ Նրա խոսքով՝ ընկերությունը լսում է օգտատերերի պահանջները, և հենց այդ մոտեցման արդյունք է դարձել այս գործընկերությունը։
Կողմերի գնահատմամբ՝ նոր գործիքը պատվերի ձևակերպումն ու վճարումը դարձնում է ավելի արագ և հարմար։ Համագործակցության շրջանակում Idram-ի օգտատերերի համար նախատեսված են նաև Glovo-ի հատուկ առաջարկներ և համատեղ ակցիաներ։










































Աղբյուր՝ arminfo.info
