Bankomat

Գերմանիայի վերականգնվող էներգետիկայի ընկերությունները ճնշման տակ են

Լուրեր|2026/09/18 17:21
Գերմանիայի վերականգնվող էներգետիկայի ընկերությունները ճնշման տակ են

Արագ աճից հետո ոլորտը բախվել է սնանկությունների, վերակառուցումների և շահութաբերության անկման։

Գերմանիայի վերականգնվող էներգետիկայի ոլորտը, որը վերջին տարիներին արագ ընդլայնվում էր, այժմ լուրջ ճնշման տակ է հայտնվել։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ շուկայի մի շարք խոշոր մասնակիցներ արդեն սկսել են սնանկության կամ վերակառուցման գործընթացներ։

Համբուրգում տեղակայված Enerparc AG-ը, որը Եվրոպայում արևային էլեկտրակայանների խոշորագույն օպերատորներից է, այս ամիս դիմել է սնանկության վարույթ սկսելու համար։ Խմբի ընդհանուր պարտքը կազմում է շուրջ 3 մլրդ եվրո։ Ավելի վաղ սնանկության մասին հայտնել էր նաև հողմային էներգետիկայի ոլորտում գործող Sowitec Group GmbH-ը։ Միաժամանակ այլ ընկերություններ, այդ թվում՝ BayWa r.e.-ն և ABO Energy-ն, անցել են վերակառուցման փուլ։

Վերջին տարիներին ոլորտի աճին նպաստել էին էժանացող ֆինանսավորումը, վարկերը, պետական աջակցությունը և Գերմանիայի՝ հանածո վառելիքից հրաժարումը արագացնելու քաղաքականությունը։ Սակայն այժմ իրավիճակը փոխվել է. փոխառու միջոցների արժեքը բարձրացել է, իսկ նոր նախագծերի եկամտաբերությունը՝ նվազել։ Bloomberg-ը նշում է, որ նման խնդիրներ նկատվում են նաև եվրոպական այլ երկրներում։

Լրացուցիչ բարդություն է ստեղծել նաև այն, որ Գերմանիայում արևային և հողմային հզորություններն աճել են ավելի արագ, քան զարգացել են էլեկտրացանցերն ու էներգիայի կուտակման համակարգերը, որոնք անհրաժեշտ են նոր օբյեկտները համակարգին միացնելու համար։ Արդյունքում նոր կայանների միացումը ցանցին ավելի դժվար է դառնում։

Բացի այդ, երբ արևային և հողմային արտադրությունը կտրուկ ավելանում է, շուկայում առաջանում է էլեկտրաէներգիայի ավելցուկ։ Դա կարող է բերել բացասական գների կամ արտադրողների համար արտադրության կրճատման անհրաժեշտության։ Այդ ֆոնին նվազում է թե՛ նոր, թե՛ արդեն գործող նախագծերի շահութաբերությունը։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ