Bankomat

Գալուզինը հայտարարել է Հայաստանում սեփականության քաղաքական վերաբաշխման նշանների մասին

Լուրեր|2026/09/19 04:03
Գալուզինը հայտարարել է Հայաստանում սեփականության քաղաքական վերաբաշխման նշանների մասին

Ռուսաստանի փոխարտգործնախարարը մտահոգություն է հայտնել Հայաստանում ռուսական բիզնեսի և ակտիվների շուրջ զարգացումների կապակցությամբ։

Հայաստանում նկատվում են սեփականության «վերաբաշխման» քաղաքական դրդապատճառներով պայմանավորված նշաններ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը՝ արձագանքելով ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի ավելի վաղ հնչեցրած գնահատականներին։ Այդ մասին, ըստ հրապարակման, փոխանցել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Գալուզինի խոսքով՝ ռուսական կողմը հայկական գործընկերների հետ տարբեր մակարդակներում պարբերաբար բարձրացնում է Հայաստանում ռուսական բիզնեսի գործունեության պայմանների հարցը։ Նա նշել է, որ թեև նախկինում հավաստիացումներ են հնչել, թե ռուսական ներդրումների համար վտանգներ չկան, իրական զարգացումները, նրա գնահատմամբ, ամբողջությամբ չեն համընկնում այդ հայտարարությունների հետ։

ՌԴ փոխարտգործնախարարը ասել է, որ ավելի ու ավելի շատ փորձագետներ հակված են կարծելու, թե հանրապետությունում առկա են սեփականության «վերաբաշխման» քաղաքական մոտիվներով պայմանավորված միտումներ։ Որպես օրինակ նա հիշեցրել է գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ազգայնացման շարունակվող գործընթացը։

Գալուզինի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները իրենց գործողությունները ներկայացնում են որպես կոռուպցիայի դեմ պայքար, ապօրինի ձեռք բերված միջոցների վերադարձ բյուջե և ընկերության արդյունավետության բարձրացման փորձ։ Սակայն, նրա պնդմամբ, այդ հիմնավորումների արժանահավատությունը կասկածի տակ է դրվում, և իրավիճակն ավելի շատ նման է ներքաղաքական մրցակցի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի։ Նա նաև նշել է, որ մինչ գործարարը քաղաքական կյանք մտնելը, ընկերության աշխատանքի վերաբերյալ, իր խոսքով, որևէ պահանջ կամ լուրջ քննադատություն չէր հնչում։

Ռուս պաշտոնյան անդրադարձել է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիայի հնարավոր վաճառքի մասին Հայաստանի ղեկավարության հայտարարություններին։ Հիշեցնենք, որ ընկերությունը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր կառույցն է և կառավարում է Հայաստանի երկաթուղային ցանցը։ Գալուզինի խոսքով՝ հրապարակային մակարդակում պնդվում է, թե ռուսական ներկայությունը Հայաստանը զրկում է մրցակցային առավելություններից՝ արևմտյան պատժամիջոցների ռիսկերի պատճառով, մինչդեռ իրականում ռուսական ընկերությունը երկար տարիներ իր եկամուտները ներդրել է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի պահպանման, արդիականացման և զարգացման մեջ։

Նա թվեր է ներկայացրել՝ նշելով, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներդրումները 2008 թվականից կազմել են 30 մլրդ ռուբլի, կամ մոտ 388 մլն ԱՄՆ դոլար, իսկ վճարված հարկերը՝ 15 մլրդ ռուբլի, կամ մոտ 194 մլն ԱՄՆ դոլար։ Նրա խոսքով՝ վերանորոգվել է ավելի քան 520 կմ գիծ, այն դեպքում, երբ ընկերության կառավարման տակ գտնվող շահագործվող ցանցի երկարությունը մոտ 700 կմ է։ Փոխարինվել է քնակալների 50%-ը, իրականացվել է ավելի քան 50 կառույցի, այդ թվում՝ 38 կամրջի և երկու թունելի վերանորոգում ու վերակառուցում։ Ընկերությունը, ըստ նրա, աշխատանքով ապահովում է ավելի քան 2,5 հազար մարդ։

Գալուզինի գնահատմամբ՝ այս ամենը հնարավորություն է տվել պահպանել Հայաստանի ռազմավարական ակտիվներից մեկը և նախադրյալներ ստեղծել երկրի արդյունավետ ինտեգրման համար միջազգային տրանսպորտային ցանցին։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ կոնցեսիայի վաճառքի մասին համառ խոսակցությունները՝ առանց հստակ բացատրության, թե ինչու դա կարող է անհրաժեշտ լինել ռուսական կողմին, կարող են վկայել այն մասին, որ դրանց հետևում կանգնած է երկաթուղիների օտարման և փոխանցման մտադրություն՝ այլ պետությունների աշխարհաքաղաքական նախագծերի շահերից ելնելով։

ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում ռուսական տնտեսական օպերատորների օրինական շահերի պահպանմանը։ Նրա խոսքով՝ այդ շահերի խախտումը ոչ միայն կհարվածի Հայաստանի ներդրումային միջավայրին, այլև չի մնա առանց Ռուսաստանի պատշաճ արձագանքի։

Հոդվածում նաև հիշեցվում է, որ սեպտեմբերի 17-ին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր՝ Հայաստանում գործող ռուսական բիզնեսի նկատմամբ դրսևորվում է ոչ բարեկամական գիծ և ակնհայտ «կրկնակի ստանդարտներ», իսկ այն, ինչ տեղի է ունենում այն ձեռնարկությունների և ոլորտների հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է արել, կարելի է անվանել «ռեյդերային զավթում»։ Իր հերթին, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը սեպտեմբերի 18-ին ասել էր, որ Հայաստանի իշխանությունները փորձում են արժեզրկել ռուսական ակտիվները՝ սեփականատերերին ստիպելով ազատվել դրանցից։

Շևցովը նախազգուշացրել էր, որ նման մոտեցումը կարող է «կրակոց լինել ոտքին» Հայաստանի տնտեսության համար՝ հաշվի առնելով, որ ռուսական բիզնեսը հանրապետությունում ստեղծել է տասնյակ հազարավոր աշխատատեղեր, օրինական հիմքերով արդյունավետ կառավարում է իր ակտիվները և զգալի ներդրում ունի Հայաստանի ՀՆԱ-ում։

Աղբյուր՝ arminfo.info

Տարածել

Կարդացեք նաեվ