Եվրամիության դեսպանները շուրջ մեկ շաբաթ շարունակ չեն կարողանում համաձայնության հասնել Ռուսաստանի հետ կապվող մոտ 3000 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ գործող սահմանափակումների երկարաձգման հարցում։ Փակուղու պատճառը Ֆրանսիայի և Սլովակիայի պահանջն է՝ պատժամիջոցների ցանկից հանել ազգությամբ ուզբեկ, ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովին։
Միջազգային մամուլի հրապարակումների համաձայն՝ Ֆրանսիայի դիրքորոշումը կապվում է Ադրբեջանում պահվող երկու ֆրանսիացիների հետ։ Նրանցից մեկը լրտեսության մեղադրանքով արդեն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ Հաղորդվում է, որ Փարիզն ու Բաքուն գաղտնի բանակցություններ են վարել, և այդ ֆոնը կարող էր ազդել Ֆրանսիայի մոտեցման վրա։ Ադրբեջանը նման կապը հերքում է, իսկ Ֆրանսիայի արտգործնախարարությունը մանրամասներ չի հայտնում՝ հղում անելով ազգային անվտանգության հարցերին։
ԵՄ ներսում տարաձայնությունները
ԵՄ կանոններով՝ նման պատժամիջոցների երկարաձգման համար անհրաժեշտ է բոլոր 27 անդամ պետությունների միաձայն համաձայնությունը։ Սլովակիան դեռ ամռան սկզբից պնդում էր, որ ցուցակից պետք է հանվեն Ալիշեր Ուսմանովը և մեկ այլ ազդեցիկ ռուսաստանցի օլիգարխ՝ Միխայիլ Ֆրիդմանը։
Անցած շաբաթ Ֆրանսիան անսպասելիորեն միացավ Սլովակիայի դիրքորոշմանը և վետո դրեց սահմանափակումների ևս մեկ տարով երկարաձգման վրա։ Դրա հետևանքով Բրյուսելում սկսվել են արտակարգ բանակցություններ, քանի որ գործող ժամկետը լրանում է այս շաբաթ, և անդամ երկրները պետք է մինչև այդ համաձայնության գան։
Սեպտեմբերի 21-ին ԵՄ դեսպանները շարունակել են քննարկումները։ Շրջանառվում են մի քանի փոխզիջումային տարբերակներ։ Դրանցից մեկով Ուսմանովը կմնար պատժամիջոցների պաշտոնական ցուցակում, սակայն որոշ սահմանափակումներ՝ այդ թվում ԵՄ մուտքի արգելքը և ակտիվների սառեցումը, կարող են մասնակիորեն չեղարկվել։
Առաջարկը բաժանել է անդամ պետություններին տարբեր ճամբարների։ Որոշ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան և Իտալիան, ազդակ են տվել, որ կարող են ընդունել Ֆրանսիայի պահանջը՝ ստեղծված փակուղուց դուրս գալու համար։ Մյուսները կասկածի տակ են դնում այն մոտեցումը, որով ԵՄ հավաքական պատժամիջոցները կարող են ծառայել առանձին ազգային նպատակների։ Իսկ մի շարք խոշոր երկրներ կտրականապես դեմ են ցանկացած զիջման՝ պնդելով, որ դա կթուլացնի պատժամիջոցների համակարգը և վտանգավոր նախադեպ կստեղծի։ Սպասվում է, որ ԵՄ-ն միասնական դիրքորոշում կհայտնի մինչև սեպտեմբերի 22-ը։
Ադրբեջանում կալանավորված ֆրանսիացիների գործը
Այս հարցի կենտրոնում հայտնված ֆրանսիացիներից մեկը Մարտեն Ռայանն է (Martin Ryan), որը ձերբակալվել էր 2023 թվականի դեկտեմբերին և ավելի ուշ դատապարտվել 10 տարվա ազատազրկման ադրբեջանական խիստ ռեժիմի բանտում։
Ադրբեջանական կողմը նրան մեղադրել է ֆրանսիական հետախուզության օգտին լրտեսություն անելու մեջ։ Մեղադրանքի համաձայն՝ նա տեղեկություններ է հավաքել Թուրքիայի, Պակիստանի և Իրանի հետ Բաքվի ռազմական կապերի, ինչպես նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների մասին։
Ռայանը մեղավոր է ճանաչվել նաև Ադրբեջանի քաղաքացի Ազад Մամեդլիին հավաքագրելու մեջ։ Վերջինս պետական դավաճանության համար դատապարտվել է 12 տարվա ազատազրկման։
Թե՛ Ֆրանսիայի կառավարությունը, թե՛ Ռայանը բազմիցս հերքել են լրտեսության մեղադրանքները։ Ռայանը դատարանում հայտարարել է, որ գործել է անտեղյակ, իսկ Ֆրանսիան նրա կալանավորումը բնութագրել է որպես «կամայական»։ Երկրորդ կալանավորված ֆրանսիացու վերաբերյալ հրապարակային տեղեկություններ գրեթե չկան։
Reuters-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Պասկալ Կոնֆավրյոն (Pascal Confavreux) հրաժարվել է պարզաբանել Ադրբեջանի հնարավոր դերը՝ կրկնելով, որ հարցը վերաբերում է «ազգային անվտանգության» ոլորտին։
Աղբյուր՝ hetq.am
