Եվրոպական միության խորհուրդը պաշտոնապես հաստատել է Հայաստանից ԵՄ արտահանվող արտադրանքի մոտ 80%-ի համար առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցառումները։ Որոշումը ներկայացվում է որպես քայլ, որը պետք է աջակցի Հայաստանի տնտեսությանը Ռուսաստանից եկած առևտրային սահմանափակումներից հետո։
Խորհրդի որոշման համաձայն՝ հայկական արտահանման լայն շրջանակի ապրանքների նկատմամբ կկիրառվեն առևտրային արտոնություններ։ Այդ թվում՝ գյուղատնտեսական մի շարք ապրանքների համար ժամանակավորապես կկասեցվեն ներմուծման մաքսատուրքերը։
Արտոնյալ այս ռեժիմը գործելու է երկու տարի։ ԵՄ խորհրդում նշել են, որ նոր միջոցառումները կօգնեն պահպանել և ամրապնդել Հայաստանից դեպի Եվրամիություն առևտրային հոսքերը՝ համահունչ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ CEPA-ի նպատակներին։
Միևնույն ժամանակ, մեխանիզմում ներառվել են պայմաններ և պաշտպանական գործիքներ ԵՄ շուկայի համար։ Դրանք նախատեսված են այն դեպքերի համար, եթե հայկական արտադրանքի ներմուծումը բացասաբար անդրադառնա եվրոպական արտադրողների վրա։
Վերջնական որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովի առաջարկը Եվրոպական խորհրդարանում հավանության էր արժանացել առանց փոփոխությունների։

Աղբյուր՝ finport.am
