Bankomat

ԵՄ պատժամիջոցների փոփոխությունից հետո Ադրբեջանը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն

Լուրեր|2026/09/23 17:01
ԵՄ պատժամիջոցների փոփոխությունից հետո Ադրբեջանը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն

Ռայանի ներման որոշումը հաջորդել է Ուսմանովի և Ֆրիդմանի անունները ԵՄ ցուցակից հանելու քայլին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացի Մարտեն Ռայանին, որը դատապարտվել էր Ֆրանսիայի օգտին լրտեսության մեղադրանքով։ Այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։

Մարտեն Ռայանը և Ֆրանսիայի ևս մեկ քաղաքացի վերջին շրջանում հայտնվել էին Ռուսաստանի հետ կապվող ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների շուրջ բանակցությունների կենտրոնում։ Աղբյուրների ներկայացմամբ՝ Ադրբեջանը փորձել է Ֆրանսիայի վրա ճնշում գործադրել՝ օգտագործելով կալանավորված ֆրանսիացիների հարցը։

Հրապարակման համաձայն՝ այդ ֆոնին պաշտոնական Փարիզը փոխել է իր դիրքորոշումը և պահանջել ԵՄ պատժամիջոցների ցանկից հանել ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի անունը։ Ավելի ուշ Եվրամիությունը որոշում է կայացրել ցուցակից հանել նաև Ուսմանովի և Միխայիլ Ֆրիդմանի անունները։

Ռայանը, որը ներկայացվում է որպես գործարար, ձերբակալվել էր 2023 թվականի դեկտեմբերին՝ Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունների սրման շրջանում։ Հետագայում նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման՝ ադրբեջանական խիստ ռեժիմի բանտում։ Ռայանը հերքել էր լրտեսության վերաբերյալ բոլոր մեղադրանքները։

Ներման որոշումը հրապարակվել է այն բանից մեկ օր անց, երբ ԵՄ-ն որոշել էր Ուսմանովի և Ֆրիդմանի անունները հանել պատժամիջոցների ցուցակից։ Չնայած դրան՝ ադրբեջանական կողմը շարունակում է հերքել, որ Ֆրանսիայի հետ այս հարցով գաղտնի պայմանավորվածություն է եղել։

president.az-ում հրապարակված հրամանագրի համաձայն՝ Ալիևը ներում է շնորհել ընդհանուր առմամբ 20 մարդու՝ «անձնային հատկանիշների, առողջական վիճակի, ընտանեկան հանգամանքների» և այլ պատճառներով։ Հրամանագրում անուններ նշված չեն, սակայն ադրբեջանական մամուլը պնդում է, որ ներում ստացածների թվում է նաև Ռայանը։

Բրյուսելի դիվանագիտական շրջանակներում այս զարգացումները աղմկահարույց արձագանք են ստացել։ Ֆրանսիայի դիրքորոշումը քննադատել են մի շարք երկրներ, իսկ Ուկրաինան այն որակել է ամոթալի։ Որոշումը բացասական արձագանք է ստացել նաև աքսորում գտնվող ռուսաստանցի ընդդիմադիրների կողմից։

Հոդվածում նաև նշվում է, որ Ադրբեջանը նախկինում տարբեր առիթներով միացել է Ուսմանովի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու կոչերին։

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ