








Սեպտեմբերի 24-ին ԵՄ խորհուրդը վերջնական հավանություն է տվել Հայաստանի ապրանքների համար ինքնավար առևտրային միջոցառումների վերաբերյալ առաջարկին։ Այդ որոշմամբ կլիբերալացվի Հայաստանից ԵՄ արտահանման մոտ 80%-ը, հայտնել է Հայաստանի ԱԳՆ միջազգային համագործակցության հարցերով մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նրա խոսքով՝ ընդունված կարգավորմամբ Հայաստանը դառնում է միակ երկիրը, որը նման տնտեսական արտոնություն է ստանում՝ չունենալով ոչ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, ոչ էլ ԵՄ-ի հետ Deep and Comprehensive Free Trade Area համաձայնագիր։ Բադալյանի գնահատմամբ՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Հայաստան-ԵՄ գործընկերության աննախադեպ բարձր մակարդակը և համահունչ է Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի հռչակագրի ու Strategic Partnership Agenda-ի տրամաբանությանը։
Կարգավորումն ուժի մեջ մտնելուց հետո արտոնյալ ռեժիմը կգործի երկու տարի։ Մինչ այդ փաստաթուղթը պետք է ստորագրվի Եվրոպական խորհրդարանի և ԵՄ խորհրդի նախագահների կողմից, ապա հրապարակվի ԵՄ պաշտոնական տեղեկագրում։ Այն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրը։
ԵՄ այս կարգավորման շրջանակում ներմուծման մաքսերը կկասեցվեն ապրանքների լայն շրջանակի համար, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական արտադրանքի մասով։ Սպասվում է, որ միջոցառումը կօգնի դիվերսիֆիկացնել Հայաստանի արտաքին առևտուրը, ընդլայնել հայկական ապրանքների մուտքը ԵՄ շուկա և խորացնել Հայաստան-ԵՄ տնտեսական ու առևտրային համագործակցությունը։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 2-ին, ԵՄ խորհուրդը համաձայնել էր նախագծին առանց փոփոխությունների։ Եվրոպական խորհրդարանը փաստաթուղթը հաստատել էր սեպտեմբերի 15-ի լիագումար նիստում, իսկ սեպտեմբերի 23-ին այն ընդունվել էր ԵՄ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների կոմիտեի կողմից։
Աղբյուր՝ www.pan.am
