
Եվրոգոտում բնական գազի մեծածախ գների աճը այժմ ավելի արագ է փոխանցվում վերջնական սպառողներին և արտացոլվում սպառողական գների դինամիկայում, ասվում է Եվրոպական կենտրոնական բանկի տնտեսական տեղեկագրում։ ԵԿԲ-ի տնտեսագետների գնահատմամբ՝ եվրոգոտու երկրների մեծ մասում այդ փոխանցումն արդեն կարող է երևալ գնաճի ցուցանիշներում մեկից երեք ամսվա ընթացքում։
Միևնույն ժամանակ, բանկը նշում է, որ 2026 թվականին էլեկտրաէներգիայի գների վրա ճնշումը մինչ այժմ ավելի թույլ է եղել, քան 2022-ին։ Դրա պատճառներից մեկը վերականգնվող աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի մեծ մասնաբաժինն է, ինչը մեղմացրել է գազի թանկացման ազդեցությունը մեծածախ էլեկտրաէներգիայի գների վրա։
ԵԿԲ-ի տնտեսագետների խոսքով՝ մեծածախ գազի գների ազդեցությունը մեծածախ էլեկտրաէներգիայի գների վրա սովորաբար ուժեղ է, քանի որ հենց գազն է հաճախ հանդիսանում էլեկտրաէներգիայի գնի սահմանային որոշիչը։ Սակայն էներգետիկ կառուցվածքի փոփոխությունը՝ հօգուտ վերականգնվողների, այս անգամ մասամբ զսպել է այդ ազդեցությունը։
Հոդվածում նշվում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության մեկնարկից ի վեր բնական գազի գները կրկնապատկվել են, մինչդեռ նավթի գներն աճել են ավելի չափավոր՝ մոտ 40%-ով։ Եվրոպայում էներգակիրների թանկացումը կրկին ուժեղացրել է գնաճային ռիսկերի շուրջ մտահոգությունները, հատկապես մեծածախ գազի կտրուկ թանկացման ֆոնին։
ԵԿԲ-ն հիշեցնում է, որ Իրանի պատերազմն ու Ասիայի կողմից spot LNG մատակարարումների համար մրցակցության սրացումը համընկան այն ժամանակահատվածի հետ, երբ Եվրոպան փորձում էր գարնանը և ամռանը լրացնել բնական գազի պաշարները ձմռան համար։ Այդ ֆոնին ԵԿԲ-ն հունիսին 2023 թվականից ի վեր առաջին անգամ բարձրացրել էր եվրոգոտու հիմնական տոկոսադրույքը, իսկ սեպտեմբերին այն կրկին բարձրացրեց՝ 0.25 տոկոսային կետով, քանի որ 3%-ից բարձր գնաճը շարունակում է զգալիորեն գերազանցել բանկի 2% երկարաժամկետ նպատակը։
Սեպտեմբերի 10-ի դրամավարկային որոշման մեջ ԵԿԲ-ն նշել էր, որ հեռանկարները մնում են խիստ անորոշ՝ գնաճի համար աճի, իսկ տնտեսական աճի համար նվազման ռիսկերով։ Այդ օրը անօդաչու սարքերով հարձակման էր ենթարկվել Սաուդյան Արաբիայի ցամաքային նավթամուղը, որը շրջանցում է Հորմուզի նեղուցը։
Նոր գնահատականում ԵԿԲ-ի տնտեսագետները նշում են, որ ընդհանուր առմամբ մեծածախ գների փոխանցումը մանրածախ գներին արագացել է գազի դեպքում, սակայն և՛ գազի, և՛ էլեկտրաէներգիայի շուկաներում պահպանվում է ուշացած և անհավասար փոխանցման լայն պատկերը։
Եվրոգոտու կենտրոնական բանկերի հարցման արդյունքներով՝ մեծածախ գազի գների փոփոխությունները սպառողական գազի գնաճում կարտացոլվեն մեկից երեք ամսվա ընթացքում եվրոգոտու ավելի քան կեսում, չորսից վեց ամսվա ընթացքում՝ եվրոգոտու մոտ մեկ տասներորդում, իսկ յոթից տասներկու ամսվա ընթացքում՝ եվրոգոտու մոտ մեկ երրորդում։ Այս բոլոր ցուցանիշները ավելի բարձր են, քան 2022-ին։
ԵԿԲ-ն նաև ընդգծում է, որ 2022 թվականից ի վեր զգալիորեն նվազել է այն երկրների մասնաբաժինը, որոնք հաղորդել են շատ դանդաղ փոխանցման մասին՝ 13-24 ամսվա ընթացքում։ Եթե 2022-ին այդ ցուցանիշը կազմում էր մոտ 40%, ապա այժմ այն իջել է մոտ 5%-ի։
Աղբյուր՝ oilprice.com
