
Հակակոռուպցիոն կոմիտեում 2026թ. օգոստոսի 21-ին քրեական վարույթ է նախաձեռնվել Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող նախկին կինոթատրոնի շենքի օտարման գործով։ Վարույթը հարուցվել է 3 դրվագով՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է պաշտոնեական անփութությանը։
Գործի հիմքում Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի ուսումնասիրությունն է։ Ըստ դատախազության՝ շենքը 2004թ. վաճառվել է մասնավոր անձի 55 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով՝ առանց գույքի սահմանված կարգով գնահատման։ Ընդ որում, վաճառքից մոտ երեք ամիս անց, առանց շենքի փաստացի վիճակի փոփոխության, դրա կադաստրային արժեքը կազմել է 218 միլիոն 215 հազար դրամ։
Ուսումնասիրությամբ խնդիրներ են արձանագրվել նաև կինոթատրոնին կից պետական հողամասի վարձակալության իրավունքի գրանցման և դրա հետագա սեփականաշնորհման գործընթացում։
«Հետքը» դեռ 2023 թվականին գրել էր, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վազգեն Դարբինյանի ղեկավարած «Ավա Գրանիտ» ՓԲԸ-ն 160 մլն դրամով ձեռք է բերել նախկին «Գարուն» կինոթատրոնի շենքը և այդ վայրում ցանկանում է կառուցել բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր։ Այժմ տարածքում բազմաբնակարան շենք է կառուցվում։
«Գարուն» կինոթատրոնը կառուցվել է 1976թ․։ Շենքի ճարտարապետներն են Սարգիս Գուրզադյանն ու Միքայել Ալեքսանյանը, և այն համարվում է ռեգիոնալ մոդեռնիզմի ոճի օրինակ։
Խորհրդային Միության փլուզումից հետո, ինչպես Հայաստանի բազմաթիվ կինոթատրոններ, «Գարուն»-ը նույնպես մասնավորեցվել է։ Կառավարության 1995թ. օգոստոսի 19-ի թիվ 55 որոշմամբ «Էջմիածնի կինոցանց» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվել է՝ «Վահագն» ՓԲԸ ստեղծելու միջոցով։ Այդ պահին շենքի արժեքը կազմել է 476 հազ. դրամ։ Էջմիածնի քաղաքապետի որոշմամբ ընկերությանը վարձակալությամբ տրամադրվել է նաև շենքի սպասարկման և հարակից տարածքի 3170 քմ հողամասը։
Հետագայում, վարկային պարտավորությունների չկատարման պատճառով, շենքը 2001թ. մայիսին անցել է բանկի սեփականությանը։ «Կրեդիտ Երևան»-ին փոխանցվել է նաև հողամասի վարձակալության իրավունքը։
2003թ. «Երևան Կրեդիտ» բանկի և Պաշտպանության նախարարության միջև կնքվել է պահանջի զիջման պայմանագիր։ Քանի որ բանկը սնանկացել էր և չէր կարողացել վերադարձնել նախարարության հաշիվներում առկա միջոցները, Պաշտպանության նախարարությանը փոխանցվել է 355 հազ. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով գույք, այդ թվում՝ Էջմիածնի կինոթատրոնի շենքը՝ 55 հազ. ԱՄՆ դոլար արժեքով։
Կառավարությունը 2004թ. մարտի 11-ի 282-Ա որոշմամբ Պաշտպանության նախարարությանը թույլ է տվել շենքն ուղիղ վաճառքով օտարել Էջմիածին քաղաքի բնակիչ Ռազմիկ Զարբաբյանին։ Վաճառքի պայմանագիրը կնքվել է 2004թ. մարտի 23-ին, և դրա գինը կազմել է 55 հազ. ԱՄՆ դոլար։
Ռազմիկ Զարբաբյանի որդին՝ Արտյոմ Զարբաբյանը, ավելի վաղ «Հետքին» ասել էր, որ շենքը գնվել էր կինոթատրոնը վերաբացելու նպատակով, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով ներդրումներ չեն արվել, և այն չի օգտագործվել ըստ նշանակության։
2018թ. հոկտեմբերի 16-ին Ռազմիկ Զարբաբյանը 1939 քմ մակերեսով շենքը և դրա սպասարկման համար հատկացված 0.266 հա հողամասը 4 մլն 900 հազ. դրամով վաճառել է Էջմիածին քաղաքի բնակիչ Անուշ Հովհաննիսյանին։ «Հետքը» դեռ այն ժամանակ կասկած էր հայտնել, որ այդ գումարը գործարքի իրական գինը չէ, և անշարժ գույքի փաստացի արժեքը կարող էր թաքցված լինել։
Այնուհետև Անուշ Հովհաննիսյանը 2023թ. փետրվարի 2-ին 207 մլն դրամ գնահատված շենքը 160 մլն դրամով վաճառել է «Ավա Գրանիտ» ՓԲԸ-ին։ Գործարքի հետ միաժամանակ շենքը գրավադրվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում։ Նշվել է նաև, որ շենքի կադաստրային արժեքը մոտ 203 մլն դրամ է եղել։
Աղբյուր՝ hetq.am
