
Դիջիթեք 2026-ը, որն այս տարի անցկացվում է «Աշխարհի նոր ԱԲ հանգույցը» խորագրով, նոյեմբերի 20-22-ին Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում կփորձի ամրապնդել իր դիրքը որպես տարածաշրջանային արհեստական բանականության կարևոր հարթակ։ Միջոցառումը, որն անցկացվում է 21-րդ անգամ, այս անգամ ավելի հստակ միջազգային ուղղվածություն ունի և նպատակ ունի մեկ վայրում համախմբել տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների, հիմնադիրների, ներդրողների և քաղաքականություն մշակողների։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, որը կազմակերպում է Դիջիթեքը, ներկայացրել է, որ համաժողովին սպասվում են մասնակիցներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Արաբական ծոցի երկրներից և Կենտրոնական Ասիայից։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ Հայաստանի տեխնոլոգիական տաղանդն ու արագ ընդլայնվող ԱԲ հաշվողական ենթակառուցվածքը հնարավորություն են ստեղծում, որպեսզի երկիրը դառնա արհեստական բանականության համաշխարհային արժեշղթայի ավելի տեսանելի մասնակից։
ԱՏՁՄ նախագահ Արմեն Քոչարյանի խոսքով՝ Digitec-ը վաղուց միայն ոլորտային ցուցադրություն չէ։ Նրա խոսքով՝ այս տարի միջոցառումը բացվում է աշխարհի առաջ, որպեսզի հայաստանյան ընկերությունները ձեռք բերեն միջազգային գործընկերություններ, որոնք անհրաժեշտ են հետագա աճի համար։ Նա նաև նշել է, որ միջոցառման եկամուտների մի մասը շարունակելու է ուղղվել «Արմաթ» աշխատանոցներին, որոնց միջոցով ինժեներական կրթությունը հասանելի է դառնում Հայաստանի ավելի քան 17 000 երեխայի։
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանն ընդգծել է, որ Հայաստանը պատմական հնարավորություն ունի՝ իր տեխնոլոգիական ներուժն ու ԱԲ ենթակառուցվածքները վերածելու միջազգային ազդեցության։ Նրա խոսքով՝ հենց այդ նպատակով Դիջիթեք 2026-ը ձևավորվում է որպես առաջնակարգ ԱԲ միջոցառում, որը Հայաստանում կհամախմբի տեխնոլոգիական առաջնորդների, հիմնադիրների և ներդրողների տարբեր շուկաներից։

Ծրագիր՝ ԱԲ ամբողջ արժեշղթայով
Համաժողովի բովանդակությունը կներառի արհեստական բանականության ամբողջ արժեշղթան՝ էներգետիկայից, չիպերից և հաշվողական հզորություններից մինչև ենթակառուցվածքներ, տվյալներ, մոդելներ, հավելվածներ և գործիքներ։ Կազմակերպիչների տվյալներով՝ ծրագիրը նախատեսում է շուրջ 100 գլոբալ բանախոսների մասնակցություն։ Հիմնական զեկույցներն ու պանելային քննարկումները կանցկացվեն 600 տեղանոց գլխավոր սրահում, իսկ 150 տեղանոց DigiHub-ը նախատեսված է առավել մասնագիտական քննարկումների համար՝ «ինժեներները ինժեներների համար» ձևաչափով։
Ծրագրի մեջ ներառվել է նաև OpenTalks.AI-ը՝ արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտում ճանաչված միջազգային ձևաչափը, որն ունի ավելի քան 5000 մասնագետի համայնք։
Հաստատված բանախոսների թվում են Ռև Լեբարեդյանը (Փոխնախագահ, NVIDIA), Ադրիան Մաքդոլանդը (Նախագահ, EMEA, Dell), Ռաջիվ Ջայարամանը (Փոխնախագահ, Microchip Technology), Ալի Աղան (Համահիմնադիր և գլխավոր տնօրեն, Field AI), Սուրեն Հարությունյանը (Compute-ի ղեկավար, OpenAI), Ժելկո Ռելիչը (Գործադիր փոխնախագահ, CTO, Align Technology), Անտոն Ռեպուշկոն (Հետազոտությունների ղեկավար, Revolut), Մատիաս Ունդուրագա Բրեյթլինգը (Կորպորատիվ տեխնոլոգիաների տնօրեն, AWS, նախկին CTO, CPO), Րաֆֆի Կրիկորյանը (CTO, Mozilla, նախկինում՝ Twitter, Uber), Ռոդ Սոլայմանին (Տարածաշրջանային քաղաքականության և գործընկերությունների ղեկավար, OpenAI), Ջեք Մաքքոլին (Համահիմնադիր, Oculus VR) և այլք։
Գլխավոր գործընկերներ՝ NVIDIA, Firebird AI, Krisp
NVIDIA-ն միացել է Դիջիթեք 2026-ին որպես գլխավոր գործընկեր, ինչը, կազմակերպիչների կարծիքով, արտացոլում է ընկերության դերը տարածաշրջանի հաշվողական ենթակառուցվածքների ձևավորման մեջ։ Ընկերության տեխնոլոգիան կիրառվում է նաև հայկական Firebird AI և Eleveight AI տվյալների կենտրոնների նախագծերում։ NVIDIA-ի ֆիզիկական ԱԲ սիմուլյացիայի գծով փոխնախագահ Ռև Լեբարեդյանը ելույթ կունենա ինչպես գլխավոր բեմում, այնպես էլ DigiHub-ում՝ առանձին տեխնիկական ներկայացմամբ։

Լեբարեդյանի խոսքով՝ նպատակը միայն արհեստական բանականությունը Հայաստան բերելն չէ, այլ Հայաստանում ստեղծել ԱԲ ամբողջ աշխարհի համար։ Նա նշել է, որ NVIDIA-ի տեխնոլոգիաներով կառուցված ենթակառուցվածքները Հայաստանի հետազոտողներին և ձեռներեցներին հնարավորություն են տալիս ստեղծել նոր տեխնոլոգիաներ, ընկերություններ և նույնիսկ նոր ճյուղեր։
Firebird AI-ը ևս հանդես է գալիս որպես գլխավոր գործընկեր։ Ընկերությունը, որը Հայաստանում զարգացնում է արհեստական բանականության ենթակառուցվածքներ, հայտարարել է, որ իր ԱԲ տվյալների կենտրոնը մինչև 2027թ. ավարտը նախատեսում է Հայաստանը դարձնել հաշվողական ռեսուրսների ծավալով աշխարհի 10 ընկերություններից մեկը։ Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը նշել է, որ հենց Դիջիթեքի շրջանակում 2024թ. տեղի ունեցած քննարկումներն են կարևոր դեր խաղացել Firebird-ի գաղափարի ձևավորման մեջ, իսկ այս տարվա միջոցառումը կարող է նոր համագործակցություններ բերել հայաստանյան ընկերություններին։

Krisp-ը նույնպես միացել է միջոցառմանը որպես գլխավոր գործընկեր։ Ընկերության տվյալներով՝ իր ձայնային ԱԲ տեխնոլոգիան կիրառվում է ավելի քան 200 մլն սարքերի վրա և ամսական մշակում է ավելի քան 80 մլրդ րոպե ձայնային տվյալ, իսկ Krisp-ը գործընկեր է աշխարհի ավելի քան 2,500 առաջատար ձեռնարկությունների համար։ Krisp-ի համահիմնադիր ու նախագահ Արտավազդ Մինասյանի գնահատմամբ՝ Դիջիթեքը այս տարի դառնում է Հայաստանի ցուցադրությունը աշխարհին։ Նրա խոսքով՝ 100,000 GPU-ներով և NVIDIA-ի ու Firebird-ի մասնակցությամբ Հայաստանը ձևավորվում է որպես ԱԲ հանգույց Եվրոպայի, Ծոցի երկրների և Կենտրոնական Ասիայի միջև։

Ռազմավարական գործընկերների շարքում են նաև Picsart-ը և Netris-ը։ Միջոցառման մյուս գործընկերներն են Երևանի քաղաքապետարանը, EU4Innovation East-ը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), PMI Science-ը և Team ընկերությունների խումբը։
Ցուցահանդես, B2B հանդիպումներ և ներդրողների մասնակցություն
Դիջիթեք 2026-ի կոմերցիոն առանցքը կլինի ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն ավելի քան 100 կայացած ընկերություններ և շուրջ 80 ստարտափներ։ Առանձին B2B հատվածը նախատեսված է գործարար կապերի և համագործակցությունների ձևավորման համար, իսկ Digitec-ի բջջային հավելվածը կօգնի նախապես կազմակերպել հանդիպումներ հիմնադիրների, ներդրողների և ընկերությունների ներկայացուցիչների միջև։
Միջոցառման ընթացքում BANA Angels-ը կանցկացնի ներդրողների շրջայց, իսկ Startup Arena հարթակում ստարտափները կներկայացնեն իրենց գաղափարները ներդրողներին։ Ծրագրում ներառված են նաև այլ ոլորտային միջոցառումներ ու հավաքներ, ինչպես նաև ԱրմՌոբոտիքս ինքնավար ռոբոտների ամենամյա առաջնությունը։ Պաշտոնական գրանցումն արդեն բաց է այցելուների, պատվիրակությունների, ընկերությունների և մամուլի համար, իսկ տոմսերը հասանելի են digitec.am կայքում։
Դիջիթեքը կազմակերպվում է 2005 թվականից և այսօր ներկայացվում է որպես տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումներից մեկը։ ԱՏՁՄ-ն, որը հիմնադրվել է 2000 թվականին, միավորում է շուրջ 300 տեխնոլոգիական ընկերությունների Հայաստանում։
Աղբյուր՝ b24.am
