Bankomat

DigiTec-ը կդառնա տարածաշրջանի ամենախոշոր ԱԲ հարթակը

Լուրեր|2026/09/23 23:03
DigiTec-ը կդառնա տարածաշրջանի ամենախոշոր ԱԲ հարթակը

Նոյեմբերին Երևանում DigiTec-ը կհավաքի տեխնոլոգիական ընկերությունների, ներդրողների և պետական պատվիրակությունների լայն շրջանակ։

Հայաստանի գլխավոր տեխնոլոգիական ցուցահանդես-համաժողովը՝ DigiTec-ը, այս տարի կդառնա արհեստական բանականության ամենախոշոր հարթակներից մեկը տարածաշրջանում։ Այդ մասին սեպտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) նախագահ Արմեն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այս տարվա միջոցառումը կանցկացվի նոյեմբերի 20-22-ը՝ «New AI Node in the World» կարգախոսով։ DigiTec-ը մեկ վայրում կհամախմբի տեխնոլոգիական ոլորտի առաջնորդների, ձեռնարկատերերի, ներդրողների և պետական հատվածի ներկայացուցիչների ԱՄՆ-ից, Եվրոպայից, Պարսից ծոցի երկրներից և Կենտրոնական Ասիայից։

Համաժողովի շրջանակում նախատեսվում են շուրջ 150 միջազգային բանախոսների ելույթներ։ Նրանց թվում կլինեն NVIDIA, OpenAI, Microchip Technology, Revolut, Mozilla, AWS, Dell, Field AI և այլ ընկերությունների ներկայացուցիչներ։ Ծրագրում ներառված են նաև մասնագիտական ելույթների համար նախատեսված DigiHub հարթակը, OpenTalks.AI միջազգային ծրագիրը և ոլորտի առաջատարների հետ անմիջական շփման լրացուցիչ ձևաչափեր։

Ցուցահանդեսային հատվածում կներկայացվեն ավելի քան 200 տեղական և միջազգային ընկերություններ, ստարտափներ, բիզնես պատվիրակություններ և ներդրողներ։ Արմեն Քոչարյանի գնահատմամբ՝ DigiTec-ի մասշտաբների աճը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը տեխնոլոգիաներ օգտագործող երկրից վերածվել է դրանք ստեղծող երկրի։ Նրա խոսքով՝ այսօր արդեն կան հայկական ընկերություններ, որոնք մշակում են միջազգային պահանջարկ ունեցող տեխնոլոգիական լուծումներ։

UATE-ի նախագահի խոսքով՝ շուրջ 20 տարվա ընթացքում DigiTec-ը փոխել է ոչ միայն ծավալը, այլև ռազմավարական նպատակը։ Եթե սկզբում այն հիմնականում հայկական հարթակ էր, ապա այժմ միջոցառումն արդեն ունի հստակ միջազգային դիրքավորում։

Մամուլի ասուլիսին մասնակցել է նաև Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը։ Նա հիշեցրել է, որ նախորդ տարի DigiTec-ն ունեցել է ավելի քան 30 հազար այցելու, իսկ ցուցահանդեսին ներկայացված են եղել ավելի քան 20 ստարտափներ ավելի քան 30 երկրներից։ Նախարարը հույս է հայտնել, որ այս տարի հնարավոր կլինի գերազանցել 2025 թվականի ցուցանիշները։

Դավիթ Թադևոսյանի խոսքով՝ DigiTec-ը մարմնավորում է այն զարգացման մոդելը, որով Հայաստանը կցանկանար տեսնել իր տեխնոլոգիական ընկերություններին՝ համեստ ստարտափային գաղափարից մինչև այն փուլը, երբ ընկերության ազդեցությունն ու դերակատարությունը դուրս են գալիս Հայաստանի սահմաններից։

UATE-ի գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը հայտնել է, որ ծրագրում ներառված են նաև տեխնիկական վարպետաց դասեր, թեմատիկ քննարկումներ և «Արմատ» լաբորատորիայի նախաձեռնած ռոբոտաշինության մրցույթ, որին կմասնակցի շուրջ 400 երեխա։ Բացի այդ, կկազմակերպվի Investor-Tour, որի շրջանակում ավելի քան 60 երկրներից ներդրումային և վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ կայցելեն ստարտափ ընկերություններ։

Նրա խոսքով՝ DigiTec-ը կանցկացնի նաև ստարտափների մրցույթ, որի ընթացքում մասնակիցները ներդրողներին կներկայացնեն իրենց գաղափարները։ Սպասվում են նաև պետական պատվիրակություններ, այդ թվում՝ Կատարից, Վրաստանից, Ուզբեկստանից և Ղազախստանից։ Ղազախստանից, ըստ Էդիտա Ղազարյանի, ակնկալվում է ներկայացուցչական մեծ պատվիրակություն՝ երկրի փոխվարչապետի գլխավորությամբ։

DigiTec-ի պատմությունը սկսվել է 2005 թվականին։ Նախագծի հիմնադիրը հայկական տեխնոլոգիական համայնքի երկարամյա առաջնորդ, UATE-ի նախկին տնօրեն, այժմ արդեն հանգուցյալ Կարեն Վարդանյանն էր։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում աճել է տարեկան 12,1%-ով՝ նախորդ տարվա 12,6% աճի դիմաց։ Ոլորտի հասույթը կազմել է 622.4 մլրդ դրամ կամ $1.6 մլրդ։ Միայն տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածն ապահովել է 341.1 մլրդ դրամ հասույթ՝ տարեկան 14,3% աճով։

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ