Bankomat

Դատարանն անվավեր է ճանաչել հոգևորականի նկատմամբ Արդշինբանկում գործողություններ պարտադրող որոշումը

Լուրեր|2026/09/18 22:02
Դատարանն անվավեր է ճանաչել հոգևորականի նկատմամբ Արդշինբանկում գործողություններ պարտադրող որոշումը

ՀՀ վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեմ։

ՀՀ վարչական դատարանը սեպտեմբերի 18-ին անվավեր է ճանաչել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2026 թվականի մայիսի 29-ի որոշումը, որով Մասյացոտնի թեմի հոգևորական Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի վրա դրվել էր Արդշինբանկում որոշակի գործողություններ կատարելու պարտականություն։ Գործը քննվել է թիվ ՎԴ/9214/05/26 վարույթով, դատավորը՝ Ռուզաննա Ազրոյան։

Այս մասին հայտնել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր, պաշտպան Արա Զոհրաբյանը։ Նրա ներկայացմամբ՝ ավելի վաղ, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի միջնորդությամբ և դատավոր Էդգար Հովհաննիսյանի կիրառած հայցի ապահովման շրջանակում, հարկադիր կատարողը պարտավորեցրել էր Տեր Աբրահամին իր ստորագրությամբ օժանդակել Արման Սարոյանի կողմից կատարվող թեմի բանկային գործարքներին։

Արա Զոհրաբյանի խոսքով՝ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը հրաժարվել էր կատարել, իր գնահատմամբ, ապօրինի գործողություն և դիմել էր դատարան։ Արդյունքում վարչական դատարանը բավարարել է նրա հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության։

Դատարանի վճռում, ըստ հրապարակված տեղեկության, ամրագրվել են մի շարք սկզբունքային իրավական մոտեցումներ։ Մասնավորապես նշվել է, որ կատարողական վարույթը չի կարող վերածվել արդեն լուծված դատական վեճի բովանդակությունը կամ դատական ակտի հասցեատերերի շրջանակը ընդլայնելու գործիքի։ Հարկադիր կատարողի գործառույթը դատական ակտի իրականացումն է միայն այն սահմաններում, որոնցում այն ընդունվել է, ոչ թե նոր պարտավորություններ կամ նոր պարտապաններ ստեղծելը։

Դատարանը նաև արձանագրել է, որ դատական ակտում կիրառված «այլ անձանց» ձևակերպումը հարկադիր կատարողին անսահմանափակ լիազորություն չի տալիս ինքնուրույն որոշելու այդ անձանց շրջանակը և նրանց նկատմամբ անմիջական կատարողական պարտականություն սահմանելու համար։ Դրա համար, դատարանի գնահատմամբ, անհրաժեշտ է օրենքով հստակ նախատեսված իրավական հիմք։

Վճռում նշվել է նաև, որ եթե դատական ակտի կամ կատարողական թերթի բովանդակությունը հստակ չէ, հարկադիր կատարողը պետք է դիմի այդ ակտը կայացրած դատարանին՝ պարզաբանում ստանալու համար, այլ ոչ թե սեփական որոշմամբ ընդլայնի ակտի հասցեատերերի շրջանակը։

Դատարանը եզրահանգել է, որ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի նկատմամբ նման պարտականություն սահմանելը եղել է օրենքով չնախատեսված լիազորության իրականացում և կատարողական ակտի բովանդակության ընդլայնում, ուստի Հարկադիր կատարողի որոշումը չի կարող համարվել օրինական և հիմնավորված։

Արա Զոհրաբյանը շեշտել է, որ այս դատական ակտը կարևոր է ոչ միայն տվյալ գործի շրջանակում, այլև ավելի լայն իմաստով վերահաստատում է այն սկզբունքը, որ պետական մարմինը չի կարող անձի համար նոր պարտականություն ստեղծել միայն սեփական մեկնաբանությամբ։ Նրա հիշեցմամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվել էր Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, մասնավորապես գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Վահե Մովսիսյանի հաղորդման հիման վրա՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի կայացրած հայցի ապահովման որոշմանը իբրև խոչընդոտելու պատճառաբանությամբ։

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ