
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Arca UnionPay կոբեյջինգային քարտերի թողարկման նախագիծը, որն իրականացվում է Հայաստանի ազգային վճարային համակարգ Armenian Card (Arca)-ի և չինական UnionPay International (UPI)-ի համագործակցության շրջանակում։ Converse Bank-ը Հայաստանում առաջիններից է, որ իր քարտապաններին առաջարկում է ստանալ Arca UnionPay քարտ՝ միաժամանակ օգտվելով տեղական և միջազգային երկու համակարգերի հնարավորություններից։
Քարտերի թողարկման մեկնարկին նվիրված պաշտոնական արարողությունը կայացել է սեպտեմբերի 17-ին։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Կենտրոնական բանկի, Armenian Card-ի, UnionPay International-ի, Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի դեսպանության, ինչպես նաև ֆինանսական հատվածի ներկայացուցիչներ։
Converse Bank-ի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Հրանտ Հակոբյանի խոսքով՝ բանկի համար այս նախաձեռնությանը վաղ փուլում միանալը բնական քայլ էր։ Նա նշել է, որ նոր քարտը հաճախորդների համար լրացուցիչ արժեք է ստեղծում, քանի որ եթե նախկինում Arca քարտերի օգտագործումը հիմնականում սահմանափակվում էր Հայաստանի վճարային ենթակառուցվածքով, ապա այժմ կոբեյջինգային քարտով հնարավոր է գործարքներ կատարել նաև UnionPay-ի միջազգային ցանցում՝ օգտվելով երկու համակարգերի առավելություններից։
Հակոբյանը կարևորել է նաև հայկական ազգային վճարային համակարգի միջազգային ինտեգրումը՝ նշելով, որ Arca-ի և UnionPay-ի համագործակցությունը հայկական բանկերի և նրանց հաճախորդների համար ընդլայնում է հասանելիության հնարավորությունները միջազգային շուկայում։
Arca-ի տնօրեն Վարդան Խաչատրյանի գնահատմամբ՝ նախագիծը աննախադեպ է ոչ միայն Arca-ի, այլև Հայաստանի ամբողջ վճարահաշվարկային էկոհամակարգի համար։ Նրա խոսքով՝ հայկական բանկերը առաջին անգամ ստանում են համատեղ քարտ թողարկելու հնարավորություն, որի սպասարկումը Հայաստանի ներսում իրականացվում է Arca-ի կանոններով, իսկ երկրի սահմաններից դուրս՝ UnionPay-ի սպասարկման ցանցում։
Նա նաև հայտնել է, որ սա համագործակցության միայն առաջին փուլն է, և հետագայում նախատեսվում են նոր լուծումներ, այդ թվում՝ արագ դրամական փոխանցումների ուղղությամբ։
UnionPay International-ի բիզնեսի զարգացման վարչության փոխտնօրեն Սյան Յուն ընդգծել է, որ Arca-ի հետ համագործակցությունը կարևոր քայլ է UnionPay-ի ներկայությունը ընդլայնելու և Հայաստանի վճարային շուկայի հետ ավելի սերտ ինտեգրման ճանապարհին։ Նրա խոսքով՝ համատեղ քարտը միավորում է Arca-ի տեղական փորձն ու ենթակառուցվածքը UnionPay-ի միջազգային ցանցի հետ՝ Հայաստանի քարտապանների համար բացելով ծառայություններից օգտվելու հնարավորություն աշխարհի տարբեր երկրներում։
Աղբյուրը հիշեցնում է, որ UnionPay International օտարերկրյա վճարային համակարգի քարտեր հայկական երեք բանկեր սկսել էին թողարկել և սպասարկել դեռ երկու տարի առաջ։ 2024 թվականի մայիսից այդ ծառայությունն առաջարկել են Acba Bank-ը և Converse Bank-ը, իսկ 2024 թվականի սեպտեմբերից՝ նաև Evocabank-ը։ 2024 թվականի մայիսից մինչև 2026 թվականի ապրիլը Հայաստանում արդեն հաշվառվել է 339 UPI քարտ։
Նույն աղբյուրի համաձայն՝ այս երեք բանկերն էլ միաժամանակ թողարկում և սպասարկում են ինչպես տեղական քարտեր, այնպես էլ Visa և Mastercard միջազգային քարտեր։ Դրանցից Arca UPI կոբեյջինգային քարտերի թողարկմանը առաջինը՝ 2026 թվականի սեպտեմբերից, անցել է Evocabank-ը՝ Arca UnionPay Co-badge ձևաչափով, իսկ այժմ այդ քարտերը հասանելի են դարձել նաև Converse Bank-ում՝ Arca UnionPay անվամբ։
Հիշեցվում է նաև, որ Armenian Card-ը 2025 թվականի նոյեմբերին փոխըմբռնման հուշագիր էր ստորագրել Mastercard-ի և UPI-ի հետ, որը նախատեսում էր 2026 թվականին Arca կոբեյջինգային քարտերի թողարկում՝ արտերկրում օգտագործման հնարավորությամբ։ Արդյունքում, ինչպես նախապես ծրագրված էր, 2026 թվականի երկրորդ կեսին մեկնարկել է այդ քարտերի թողարկումը, և առաջինը շուկա են մտել Arca UPI քարտերը։
Ներկայում, Arca քարտերի Google Pay և Apple Pay ծառայություններում տոքենացման աշխատանքներին զուգահեռ, մեկնարկել է նաև տեղական քարտերի, այդ թվում՝ կոբեյջինգային քարտերի, թվային չիպերի փոխարինման գործընթացը։ Դա անհրաժեշտ է Arca քարտերի լիարժեք հասանելիությունն ապահովելու համար միջազգային ծառայություններում, այդ թվում՝ Google Pay-ի և Apple Pay-ի միջոցով տոքենով վճարումների դեպքում։
Աղբյուր՝ finport.am
