
Չինաստանը նախորդ եռամսյակում դարձել է Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների խոշորագույն աղբյուրը։ Այդ մասին հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը՝ հրապարակելով նախնական տվյալները։
Ըստ ծառայության՝ Չինաստանից կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 219.5 մլն դոլար, ինչը հաշվետու ժամանակահատվածում Վրաստան ներգրավված ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումների 46.8%-ն է։
Ներդրող երկրների շարքում երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 123.5 մլն դոլար կամ 26.3%, իսկ երրորդում՝ Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 47.7 մլն դոլար կամ 10.2%։ Այսպիսով, երեք խոշոր ներդրող երկրներին միասին բաժին է ընկել Վրաստան կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալի 83.3%-ը։
Տնտեսական գործունեության տեսակներով ամենամեծ ներդրումները ուղղվել են ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտ՝ 207.6 մլն դոլար կամ ընդհանուր ծավալի 44.3%։ Երկրորդ տեղում անշարժ գույքի ոլորտն է՝ 119.9 մլն դոլար կամ 25.6%, իսկ երրորդում՝ վերամշակող արդյունաբերությունը՝ 59 մլն դոլար կամ 12.6%։
Վերջին տարիներին Չինաստանն ու Վրաստանը խորացնում են տնտեսական համագործակցությունը՝ առևտրի, ներդրումների, տրանսպորտի և ենթակառուցվածքների ուղղություններով։ 2023 թվականի մայիսին երկու երկրները ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որը նախատեսում է համագործակցության ընդլայնում տարբեր ոլորտներում։ 2024 թվականից Վրաստանի և Չինաստանի քաղաքացիների համար գործում է նաև առանց վիզայի ռեժիմ։
Աղբյուր՝ b24.am
