Bankomat

ԱԺ պատգամավորները և ԱՄՀ առաքելության ղեկավարը քննարկել են Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականությունը

Լուրեր|2026/09/23 15:02
ԱԺ պատգամավորները և ԱՄՀ առաքելության ղեկավարը քննարկել են Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականությունը

Քննարկման առանցքում եղել են բյուջեի դեֆիցիտը, պետական պարտքը, գնաճը և տնտեսական ռիսկերը։

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը և մի խումբ պատգամավորներ հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի հայկական առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության հետ։ Այդ մասին հայտնել է ԱԺ մամուլի ծառայությունը։

Լիանա Մանուկյանը նշել է, որ ԱՄՀ-ի հետ համագործակցությունը կարևոր է ոչ միայն ֆինանսական աջակցության տեսանկյունից, այլև մասնագիտական երկխոսության, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման և Հայաստանի երկարաժամկետ կայունությանը նպաստող քայլերի առումով։ Նա նաև հույս է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի։

Ալեքսանդր Թիմանը, ներկայացնելով այցի նպատակը, ընդգծել է Ազգային ժողովի հետ համագործակցության կարևորությունը։ Նրա խոսքով՝ քննարկվել են ԱՄՀ աջակցությամբ իրականացվող Stand-By Arrangement պահուստային ծրագրի ընթացքն ու նպատակները, որոնք առնչվում են, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության բյուջեի դեֆիցիտին և Կենտրոնական բանկի պահուստների մակարդակին։

Կողմերը անդրադարձել են նաև Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականությանը, էներգետիկ և ջրային ոլորտներին, պետական պարտքի կառավարմանը, տնտեսական աճին ու դրա հետ կապված ռիսկերին, գնաճին, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունիսին ԱՄՀ-ն հաստատել էր Հայաստանին շուրջ 25,1 մլն դոլարի հատկացումը՝ Stand-By Arrangement պահուստային ծրագրի առաջին վերանայման շրջանակում։ Որոշումը թույլ է տվել երկրին տրամադրել 18,4 մլն հատուկ փոխառության իրավունք (SDR), ինչը համարժեք է մոտ 25 մլն դոլարի։

Նոր տրանշը հաշվի առնելով՝ ծրագրով Հայաստանին հասանելի միջոցների ընդհանուր ծավալը հասել է շուրջ 50,2 մլն դոլարի։ Ծրագիրը ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից հաստատվել էր 2025 թվականի դեկտեմբերին։ Միաժամանակ, հայկական իշխանությունները այն դիտարկում են որպես կանխարգելիչ ֆինանսական աջակցության գործիք և հայտարարում են, որ առանց ծայրահեղ անհրաժեշտության չեն պատրաստվում օգտվել այդ միջոցներից։

Հայաստանի Հանրապետությունը Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ է դարձել 1992 թվականի ապրիլի 28-ին։

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ