








Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները Անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ ստացել են 590 հազար դրամ պարգևավճար, որը համարժեք է նրանց մեկ ամսվա աշխատավարձին։ Տեղեկությունը, ըստ Factor.am-ի, հայտնել է պատգամավորներից մեկը։
Հաշվարկով՝ միայն Ազգային ժողովի 105 պատգամավորներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 62 մլն դրամ։
Պարգևավճարներ ստացել են ոչ միայն պատգամավորները, այլև Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները։ Սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Համբարձումյանը համապատասխան թվեր չի ներկայացրել՝ նշելով, որ ԱԺ նախագահի կարգադրությանը հավելելու բան չունի։
Միաժամանակ, Ազգային ժողովի նախագահի կարգադրությունում նշված չի եղել, թե ընդհանուր ինչ բյուջե է հատկացվել այս պարգևավճարների համար։
Նյութում հիշեցվում է նաև, որ կառավարությունը նախատեսում է 2027 թվականի հունվարի 1-ից էականորեն բարձրացնել պաշտոնյաների աշխատավարձերը։ Այդ նպատակով պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել ընդհանուր 25 մլրդ դրամ։
Աղբյուր՝ www.pan.am
