Ավարտվել է երեխաների շրջանում մեծ հետաքրքրություն վայելող Junius ֆինանսական մրցաշարը, որն անցկացվում է Idram Junior հավելվածում։ Նախագծի շրջանակում մասնակիցները խաղային միջավայրում սովորել են ճիշտ տնօրինել և խնայել գումարը, ճանաչել ժամանակակից ֆինանսական խարդախությունների տեսակները և պաշտպանվել դրանցից, ինչպես նաև արդյունավետ օգտագործել թվային ֆինանսական գործիքները։
Idram-ի և IDBank-ի հաղորդակցության և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ մրցաշարը շարունակել է դրական ազդեցություն ունենալ մասնակիցների վրա։ Նա նշել է, որ յուրաքանչյուր նոր փուլով մասնակիցների թիվն աճել է, և մրցաշարին ամեն անգամ միացել են նոր երեխաներ։
Նրա խոսքով՝ եղել են նաև այս մրցաշարի «վետերանները», որոնք մասնակցել են բոլոր խաղերին և մշտապես փորձել են լինել առաջատարների թվում։ Միևնույն ժամանակ, գործող կանոնների համաձայն, առաջին հաղթանակից հետո մասնակիցը հաջորդ երեք ամիսների ընթացքում չի կարող կրկին ճանաչվել հաղթող և ստանում է միայն խրախուսական մրցանակ։ Տաթևիկ Վարդևանյանը նշել է, որ այս անգամ ևս եղել են մասնակիցներ, որոնք ստացել են խրախուսական մրցանակներ և անկեղծորեն ուրախացել նաև այդ պարգևներով։
Կազմակերպիչների գնահատմամբ՝ երեխաների աճող հետաքրքրությունը, մեծ ներգրավվածությունն ու ստացած գիտելիքները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Junius ֆինանսական մրցաշարը ռազմավարական նախաձեռնություն է։ Այն ուղղված է ֆինանսապես գրագետ սերնդի ձևավորմանը և ապագա հաջողությունների համար ամուր հիմքի ստեղծմանը։
Idram Junior հավելվածը նախատեսված է 8-ից 16 տարեկան օգտատերերի համար։ Այն երեխաներին հնարավորություն է տալիս օգտվել անկանխիկ միջոցներից, կատարել անհպում վճարումներ, կուտակել խնայողություններ և զարգացնել ֆինանսական գրագիտությունը, իսկ ծնողներին՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործարքները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։
Կազմակերպիչները շնորհավորել են բոլոր մասնակիցներին և նրանց մաղթել նոր հաղթանակներ։

Աղբյուր՝ finport.am
