Bankomat

Առողջապահության նախարարն անդրադարձավ առողջության ապահովագրավճարի բարձրացման հավանականությանը

Լուրեր | 2026/07/01 08:01

Առողջապահության նախարարն անդրադարձավ առողջության ապահովագրավճարի բարձրացման հավանականությանը

Առողջության համընդհանուր ապահովագրության վճարը 129 հազար դրամ է

Առողջության համընդհանուր ապահովագրության վճարի չափը, որը կազմում է 129 հազար դրամ, բոլոր խմբերի համար նույնական է և ամրագրված օրենքի համապատասխան դրույթով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը առողջության համընդհանուր ապահովագրության վեցամսյա արդյունքների ամփոփման թեմայով հունիսի 30-ին հրավիրած ասուլիսին:

Անդրադառնալով ապահովագրավճարի չափի վերանայման հավանականության հարցին՝ Ավանեսյանը պարզաբանեց, որ այդ գործընթացի մեխանիզմները ևս ամրագրված են օրենքով:

«Ամեն տարի հաջորդ տարվա համար Ազգային ժողովին Առողջապահության նախարարը ներկայացնում է Ապահովագրության հիմնադրամի կողմից կազմված զեկույց՝ սպառված ծառայությունների, մատուցված ամբողջ ծավալների, կանխատեսումների, գների փոփոխության և այլնի մասին:

Այսինքն՝ ներկայացվում են նախորդ տարվա արդյունքները և առաջարկ է ներկայացվում արդեն հաջորդ տարվա ապահովագրավճարի վերաբերյալ:

Ամեն տարի Ազգային ժողովը պետք է որոշում կայացնի թողնելո՞ւ է նույնը, բարձրացնելո՞ւ է, թե՞ նվազեցնելու է ապահովագրավճարը»,- պարզաբանեց նախարարը:

Նրա խոսքով ՝առաջիկա ամսվա ընթացքում ֆինանսական հատվածի գործընկերների հետ արդեն քննարկումներ կլինեն 2027 թվականին առողջության ապահովագրության պետական սուբսիդավորման վերաբերյալ:

«Առաջիկա 1-2 ամսվա ընթացքում պատկերը կհստակեցվի՝ թե 2027 թվականի ընթացքում պետությունն ինչքան է սուբսիդավորելու այն խմբերին, որոնց ամբողջությամբ չի սուբսիդավորում»,-ասաց Ավանեսյանը:

Նա ընդգծեց, որ ապահովագրավճարի չափի վերանայման դեպքում այն կտարածվի բոլոր շահառու խմբերի վրա:

Աղբյուր՝ armenpress.am

Տարածել

Կարդացեք նաեվ