Արդշինբանկը Չինաստանի Սյամեն քաղաքում մասնակցել է բանկերի և բիզնեսի համագործակցությանը նվիրված միջազգային ցուցահանդեսին։ Բանկի հաղորդագրության համաձայն՝ միջոցառումը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-11-ը՝ 26-րդ China International Fair for Investment and Trade-ի շրջանակում։
Այս տարի ցուցահանդեսին մասնակցել են տարբեր երկրների ֆինանսական կազմակերպություններ և բիզնեսի ներկայացուցիչներ։ Մասնակիցները քննարկել են համագործակցության նոր ուղղություններ և փոխանակվել փորձով։
Արդշինբանկում նշել են, որ մասնակցության նպատակն էր ուսումնասիրել չինական շուկան, նրա ֆինանսական և գործարար միջավայրը, ինչպես նաև կապեր հաստատել չինական և միջազգային ֆինանսական կազմակերպությունների ու ընկերությունների հետ։
«Այս միջոցառմանը մասնակցությունը լավ հնարավորություն է անմիջապես ծանոթանալու չինական շուկայի առանձնահատկություններին և հասկանալու, թե ինչպիսի ֆինանսական լուծումներ և համագործակցության ձևաչափեր են այնտեղ պահանջված։ Միջազգային ֆինանսական կազմակերպությունների և բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումները թույլ են տալիս գնահատել համագործակցության կոնկրետ ուղղությունները և ձևավորել նոր գործարար կապեր։ Նման շփումները կարևոր են նաև հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, քանի որ նոր կապերը կարող են հիմք դառնալ ապագա համագործակցության համար», - ասել է Արդշինբանկի ներդրումային բիզնեսի գծով տնօրենի տեղակալ, Ներդրողների հետ աշխատանքի վարչության պետ Աստղիկ Մանուկրյանը։
Աղբյուրի տվյալներով՝ Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկերից է և մատուցում է ունիվերսալ բանկային ծառայությունների լայն շրջանակ՝ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև private banking և ակտիվների կառավարման ուղղություններով։
Բանկն ունի ավելի քան 912 հազար հաճախորդ, շուրջ 2.4 հազար աշխատակից, Հայաստանի ողջ տարածքում գործող 73 մասնաճյուղ, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Ծառայությունների մատուցման համակարգը ներառում է նաև բջջային և առցանց բանկինգի լիարժեք հարթակներ։
Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի երեք առաջատար միջազգային վարկանիշային գործակալությունների գնահատականներ՝ Standard & Poor’s (BB−/կայուն), Moody’s (Ba3/դրական) և Fitch (BB−/դրական)։ Բանկի վարկանիշը գտնվում է Հայաստանի սուվերեն վարկանիշի մակարդակում, ինչը մասնավոր կազմակերպության համար հնարավոր ամենաբարձր գնահատականն է։

Աղբյուր՝ finport.am
