
ԱՄՆ սենատոր Բեռնի Սանդերսը և Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Գրեգ Կասարը չորեքշաբթի պատրաստվում են ներկայացնել օրինագիծ, որը վերաբերում է արհեստական բանականության հետագա զարգացման կարգավորմանը։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։
Գործակալության տեղեկություններով՝ փաստաթուղթը նախատեսում է ստեղծել արհեստական բանականության նախարարություն և արգելել «արհեստական գերբանականության» ստեղծումը։
AP-ը, որը ծանոթացել է օրինագծի տեքստին, գրում է, որ նախաձեռնությամբ առաջարկվում է նաև կասեցնել արհեստական բանականության առավել առաջադեմ համակարգերի մշակումը, մինչև նոր կառույցը՝ արհեստական բանականության նախարարությունը, դաշնային մակարդակով սահմանի անվտանգության ապահովման կանոնները։
Գործակալության տվյալներով՝ նախաձեռնությունը ստացել է ԱԲ ոլորտի առաջատար ընկերությունների բազմաթիվ աշխատակիցների աջակցությունը։
«Պետք չէ հանճար լինել՝ ասելու համար. «Դանդաղեցրե՛ք»։ Արդյո՞ք մենք իսկապես ցանկանում ենք ստեղծել գերբանականություն, որը, մարդուց ավելի խելացի դառնալով, կկարողանա գործել մարդու վերահսկողությունից անկախ», — AP-ին ասել է Սանդերսը։
Վերջին շաբաթներին ԱՄՆ-ում ակտիվ քննարկվում է, թե արդյոք անհրաժեշտ է դանդաղեցնել ԱԲ-ի զարգացումը և համոզվել, որ տեխնոլոգիան սպառնալիք չի ներկայացնում մարդկության համար։ Նման մոտեցման օգտին արդեն հանդես են եկել ոլորտի ամերիկյան խոշորագույն ընկերությունների ղեկավարներից մի քանիսը։
Նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ արհեստական բանականությունը սպառնալիք չի համարում։ Շաբաթ օրը նա նաև հայտնել էր հատուկ կառույց՝ «արհեստական բանականության ուժեր», ձևավորելու մտադրության մասին, որը պետք է մասնակցի ոլորտի հետագա զարգացմանն առնչվող հարցերի լուծմանը։
Աղբյուր՝ b24.am
