ԱՄՆ-ն և Օմանը փորձում են համոզել Իրանին հրաժարվել Հորմուզի նեղուցում սահմանվող վճարներից:
«The Wall Street Journal»-ի տվյալներով՝ Վաշինգտոնը պատրաստ է քննարկել արտերկրում սառեցված իրանական ակտիվների մի մասի ապասառեցումը, այդ թվում՝ նախկինում հիշատակված 6 միլիարդ դոլարը, որը գտնվում է Կատարում: Սակայն Իրանը դեռևս չի զիջում և շարունակում է պնդել տարանցիկ վճարներ գանձելու իր իրավունքը:
Իրանի իշխանությունները հայտարարում են, որ նեղուցը գտնվում է Թեհրանի վերահսկողության տակ, իսկ զինվորականները զգուշացրել են, որ այն նավերը, որոնք չեն հետևի Իրանի կողմից հաստատված երթուղիներին, կարող են բախվել «անմիջական և հուժկու» պատասխանին:
Որպես այլընտրանք՝ Օմանը առաջարկել է ստեղծել ծովային ծառայությունների հիմնադրամ, որտեղ նավագնացության և էներգետիկ ընկերությունները կամավոր ներդրումներ կանեն, սակայն Իրանը մերժում է այս տարբերակը՝ պատճառաբանելով, որ այն չի նախատեսում պարտադիր վճարներ:
Երկարաձգվող բանակցությունների ֆոնին Հորմուզի նեղուցով նավարկությունը արդեն նկատելիորեն նվազել է․ Kpler-ի տվյալներով՝ օրական անցնող նավերի թիվը 100-ից նվազել է մինչև մոտ 43:
Աղբյուր՝ 168.am
