Bankomat

ԱՄՆ-ը դիտարկում է դոլարային ստեյբլքոյնների համաշխարհային տարածման խթանումը

Լուրեր|2026/09/24 17:45
ԱՄՆ-ը դիտարկում է դոլարային ստեյբլքոյնների համաշխարհային տարածման խթանումը

Վաշինգտոնը ցանկանում է ուժեղացնել դոլարի դերը և մեծացնել պահանջարկը ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի նկատմամբ։

ԱՄՆ վարչակազմը քննարկում է արտերկրում դոլարային ստեյբլքոյնների տարածումը խթանելու տարբերակներ՝ դոլարի դիրքը որպես համաշխարհային պահուստային ակտիվ ավելի ամրապնդելու նպատակով։ Այդ մասին Bloomberg-ը հայտնել է՝ հղում անելով հարցին ծանոթ աղբյուրներին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Վաշինգտոնը դիտարկում է համագործակցությունը դոլարային ստեյբլքոյնների մասնավոր թողարկողների հետ։ Քննարկվող տարբերակների թվում են նաև համատեղ նախաձեռնություններ, որոնք կարող են նպաստել ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկի աճին։

Նախաձեռնությունը, ըստ տեղեկությունների, կարող է ներառել մի քանի դաշնային կառույցներ, այդ թվում՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ու Պետդեպարտամենտը։ Գործընթացում կարող է ներգրավվել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC)։

2025 թվականին Դոնալդ Թրամփի ստորագրած GENIUS օրենքը (Guiding and Establishing National Innovation for U.S. Stablecoins Act) սահմանել է կանոններ, որոնց համաձայն դոլարային ստեյբլքոյնների թողարկողները պահուստներում պետք է ունենան դոլար և ԱՄՆ կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր։ Այդ պատճառով թողարկումների ծավալի աճը նշանակում է նաև նման ակտիվների ավելի մեծ գնումներ պահուստների համար։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը բազմիցս հայտարարել է, որ ստեյբլքոյնների ավելի լայն տարածումը կարող է ամրացնել դոլարի կարգավիճակը որպես համաշխարհային պահուստային արժույթ։ Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ պետական պարտատոմսերով ապահովված ստեյբլքոյնները մասնավոր հատվածում կստեղծեն նոր և կայուն պահանջարկ այդ գործիքների նկատմամբ։

Բեսենթի խոսքով՝ այդ մեխանիզմը կարող է օգնել զսպել պետական պարտքի աճը, նվազեցնել դրա սպասարկման ծախսերը և ընդլայնել թվային դոլարային ենթակառուցվածքի հասանելիությունը ամբողջ աշխարհում։

Օգոստոսին ԱՄՆ պետական պարտքը առաջին անգամ գերազանցել է 40 տրլն դոլարը։ Վերջին 10 տարվա ընթացքում ամերիկացիների ընդհանուր պարտքային բեռը կրկնապատկվել է։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ