Bankomat

Acba Bank-ը և «Հայկական ծրագրեր»-ը մեկ հարթակում են միավորել բանկային և հաշվապահական գործառույթները

Լուրեր|2026/09/22 07:02
Acba Bank-ը և «Հայկական ծրագրեր»-ը մեկ հարթակում են միավորել բանկային և հաշվապահական գործառույթները

Նոր լուծումը նախատեսված է հատկապես ՓՄՁ-ների և կորպորատիվ հաճախորդների համար։

Acba Bank

Acba Bank-ը և «Հայկական ծրագրեր» ընկերությունը համագործակցության շրջանակում միավորել են բանկային գործառնություններն ու հաշվապահական հաշվառումը մեկ համալիր համակարգում։ Բանկի հաղորդագրության համաձայն՝ Acba Bank-ը միացել է «Հայկական ծրագրեր»-ի «ՀԾ-կորպորատիվ բանկ» ամպային հարթակին, ինչը բիզնեսին թույլ կտա ֆինանսական գործարքներ կատարել անմիջապես հաշվապահական համակարգից։

Նոր լուծումը նախատեսված է նախևառաջ փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդների համար։ Համակարգը հնարավորություն է տալիս կատարել բանկային գործառնություններ և վճարումներ, ինչպես նաև աշխատել քաղվածքների հետ անմիջապես հաշվապահական ծրագրից՝ առանց տարբեր համակարգերի միջև անցումների։

Բանկում նշում են, որ տեխնոլոգիական այս լուծումը նվազեցնում է կրկնվող տեխնիկական գործողությունների և ֆինանսական վարչարարության ծավալը։ Օգտատերերն այլևս ստիպված չեն լինի արտահանել կամ ներբեռնել ֆայլեր և նույն տվյալները կրկին մուտքագրել։ Ֆինանսական հոսքերի կառավարումը կատարվում է մեկ հարթակում, ինչը թույլ է տալիս արագացնել գործընթացները և բարձրացնել տվյալների ճշտությունը։

«Մենք ձգտում ենք նոր լուծումների միջոցով հեշտացնել մեր հաճախորդների առօրյան։ Մասնավորապես այս համագործակցությունը հիմնականում ուղղված է փոքր և միջին ձեռնարկություններին ու կորպորատիվ հաճախորդներին, և կարծում եմ՝ առաջարկվող լուծումները նրանց համար կլինեն հարմար և արդյունավետ», — ասել է Acba Bank-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Հայկական ծրագրեր» ընկերության հիմնադիր և տնօրեն Աշոտ Խաչատրյանը նշել է, որ Acba Bank-ը եղել է ընկերության առաջարկած լուծումներն ընդունած առաջիններից մեկը։ Նրա խոսքով՝ «ՀԾ-կորպորատիվ բանկ» համակարգի միջոցով անհրաժեշտ բոլոր տվյալները մեկ սեղմումով փոխանցվում են անմիջապես բանկ, և կարևոր է, որ փոխանցումն իրականացվում է հաշվապահական համակարգից, ոչ թե համակարգչից։ Նույն մեխանիզմը գործում է նաև հակառակ ուղղությամբ։

Acba Bank-ի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Հակոբ Հակոբյանի խոսքով՝ նախագծի նպատակը միջավայր ստեղծելն է, որտեղ ընկերությունները կկարողանան իրականացնել իրենց ամենօրյա ֆինանսական և բանկային գործառնությունները՝ առանց տարբեր համակարգերի միջև անցնելու։ «Արդյունքում նրանք կկարողանան էապես խնայել ժամանակ և այն ուղղել իրենց բիզնեսի զարգացմանը», — նշել է նա։

Բանկում նաև հայտնել են, որ շարունակելու են ներդնել նորարարական գործիքներ, որոնք ուղղված են Հայաստանում բիզնեսի կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Աղբյուր՝ armbanks.am

Տարածել

Կարդացեք նաեվ