Հայաստանի 2027 թվականի պետական բյուջեի նախագծով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը նախատեսվում է հատկացնել մոտ 435.9 մլրդ դրամ։ Սա 2026 թվականի համեմատ ավելի է 15.9 մլրդ դրամով։
Թվերը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախնական քննարկումների ընթացքում ներկայացրել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ըստ 1lurer.am-ի։ Նրա խոսքով՝ նախարարության բյուջեն ներառում է 23 ծրագիր և 193 միջոցառում։
Նախագծով կրթությանը կուղղվի նախարարության բյուջեի 80.4%-ը։ Գիտությանը նախատեսվում է հատկացնել 30.7 մլրդ դրամ, սակայն նախարարի խոսքով՝ այս գումարի ճշգրտումները դեռ քննարկվում են։
Մշակույթի համար նախատեսվել է 23.9 մլրդ դրամ, սպորտի համար՝ 25 մլրդ դրամ, իսկ երիտասարդական քաղաքականության համար՝ 3.3 մլրդ դրամ։
Անդրեասյանի խոսքով՝ վերջին տարիներին նախարարության բյուջեն գրեթե եռապատկվել է՝ ինչպես ֆինանսավորման ավելացման, այնպես էլ գործունեության ընդլայնման պատճառով։ Նա նաև ընդգծել է կապիտալ ծախսերի աճը․ եթե 2018 թվականին նախարարության ոլորտներում կապիտալ ներդրումներին հատկացվել էր մոտ 1.3 մլրդ դրամ, ապա փաստացի ծախսը 2025-ին կազմել է 129.3 մլրդ դրամ, իսկ 2026-ի բյուջեով նախատեսվել է 165.5 մլրդ դրամ։
2027 թվականի նախագծով կապիտալ ներդրումները նախատեսվում են համադրելի մակարդակով և կկազմեն նախարարության ընդհանուր ծախսերի 37.7%-ը։ Նախարարը այս աճը գնահատել է որպես էական առաջընթաց։
Աղբյուր՝ www.pan.am
